ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը կոալիցիա-ընդդիմություն երկխոսության դրական ավարտի հնարավորությունները տասը տոկոս է գնահատում։ Այս մասին նա հայտարարեց սեպտեմբերի 9-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ:
«Եթե նախկինում երկխոսության դրական ելքը 20 տոկոս էի գնահատում, ապա այժմ ընդամենը 10 տոկոս։ Այս գործընթացը դրական ավարտ չի ունենա։ Իշխանություն-Հայ ազգային կոնգրես երկխոսությունը անպտուղ է լինելու»,- համոզմունք հայտնեց նա՝ ավելացնելով, որ ՀԱԿ-ն այլեւս սպառել է իրեն եւ ի վիճակի չէ սրել իրավիճակը, քանի որ նրան հավատարիմ մարդկանց ոգեւորությունը մարել է։Միաժամանակ, ԼՂՀ նախկին ԱԳնախարարը տեսակետ հայտնեց, որ Քաղաքական այդ ուժի համար լավագույն տարբերակ կլինի շարունակել երկխոսությունը։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՀԱԿ-ն առկախում է բանակցություններին իր մասնակցությունը եւ կվերադառնա երկխոսությանը միայն ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը փոխելուց հետո, ում Կոնգրեսը համարում է քաղբանտարկյալ:




























