Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդի հերթական նիստում քիչ առաջ քննարկվել են կուսակցության ընթացիկ հարցեր, այդ թվում անդրադարձ է կատարվել Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարպետյանի հրաժարականին։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանը։

Նշենք, որ ՀՀԿ խորհրդի նիստին մասնակցում է նաեւ Սերժ Սարգսյանը:

Հ. Սահակյանի խոսքով, ոչ մի արտառոց հարց չի քննարկվել. «Քննարկել ենք կուսակցական-կազմակերպչական հարցեր, թե ինչպես ենք դրանք կազմակերպելու։ Առաջիկայում կսկսվի Ազգային ժողովի նստաշրջանը»,- ասաց նա։

Հարցին, թե քննարկվե՞լ է արդյոք հերթական խորհրդի նիստում Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարպետյանի հրաժարականի հարցը, խորհրդարանականն ասաց. «Քննարկելու հարց չկար, ընդամենը ներկայացվեց, որ իր դիմումի համաձայն ցանկություն է հայտնել... ընդամենը այդքանը, ոչ մի արտառոց բան»,- նկատեց Սահակյանը՝ ավելացնելով, որ նրա հնարավոր նշանակման հարցը եւս չի արծարծվել։

«Որեւէ նեղվածություն, որեւէ կոնֆլիկտային իրավիճակ չի եղել»,- հավաստեց ՀՀԿ ներկայացուցիչը։

ԱԺ պատգամավորը նշեց նաեւ, որ Հայ ազգային կոնգրեսի՝ այսօրվա հանրահավաքի մասին առանձին քննարկումներ չեն ծավալվել։ «Հանրահավաքի ավարտից հետո իրենց շեշտադրումները պարզ կդառնան, նաեւ մենք մեր վերաբերմունքը կարտահայտենք»:

ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը եւս NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է, որ նիստում քննարկվել են ներկուսակցական հարցեր, նախագահը տեղեկացրել է, որ իր աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանը սեփական նախաձեռնությամբ հրաժարականի դիմում է ներկայացրել:

Ի դեպ, քաղաքում լուրեր են շրջում, որ Կարապետյանը նոր աշխատանքի է նշանակվելու կառավարությունում: Մեկնաբանելով այդ խոսակցությունները` Էդուարդ Շարմազանովն ասել է, որ խորհրդի նիստում «որեւէ նման հարց չի քննարկվել»: