ԵԱՏՄ-ում ակտիվորեն զարգանում է համագործակցությունը առեւտրային եւ բիզնես գործընթացների ավտոմատացման ոլորտում։ Այս մասին դեկտեմբերի 26-ին Մոսկվա-Մինսկ-Բիշքեկ-Երեւան-Սուխում-Ցխինվալ տեսակամրջի ժամանակ հայտարարել է ՌԴ տնտեսական զարգացման փոխնախարար Դմիտրի Վոլվաչը։
Նրա կարծիքով՝ անհրաժեշտ է ներդաշնակեցնել երկրների օրենսդրությունները։ Սա թույլ կտա բարելավել լոգիստիկան:
«Փոխադրողները կդադարեն նկատել անցումը մի իրավասությունից մյուսին»,- ասել է Վոլվաչը:
Փոխնախարարի խոսքով՝ միությունում աճել են ինչպես արտահանման, այնպես էլ ներմուծման ցուցանիշները։ Միաժամանակ առեւտրի հոսքերը դիվերսիֆիկացվել են։
Վոլվաչն ընդգծել է, որ վիճակագրությունը ձեւավորվում է ԵԱՏՄ անդամ երկրների տարբեր ընկերությունների եւ գործարարների կոնկրետ շփումներից։
«Պետական մարմինների խնդիրը մեկն է՝ հարմարավետ պայմաններ ստեղծել բիզնեսի զարգացման համար»,- ասել է ՌԴ տնտեսական զարգացման փոխնախարարը։




























