Վերջին 10 օրվա ընթացքում Ճապոնիայում առատ ձյունը 17 մարդու կյանք է խլել, հազարավոր տներում էլեկտրականությունն անջատվել է։

Վերջին օրերին առատ ձյուն է տեղացել երկրի արեւմտյան ափերի մեծ մասում, ինչպես նաեւ Հոկայդոյի հյուսիսային հատվածում։ Որոշ շրջաններում, այդ թվում՝ Յամագատա շրջանի հյուսիս-արեւելքում գտնվող Օգունի քաղաքում, մոտ մեկ մետր ձյուն է տեղացել, հաղորդում են տեղական լրատվամիջոցները:

Ճապոնիայի օդերեւութաբանական գործակալությունը տուժած շրջանների բնակիչներին նախազգուշացրել է, որ հնարավորության դեպքում զերծ մնան ճանապարհորդություններից այն բանից հետո, երբ առատ ձյան պատճառով մեքենաները արգելափակվել են ճանապարհներին:

Երկուշաբթի օրը կառավարության ներկայացուցիչները հայտնել են, որ դեկտեմբերի 17-ից ձյան տեղումների հետեւանքով 17 մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ վիրավորվել են:

Ակնկալվում է, որ առատ ձյան տեղումները երկուշաբթի օրվանից կդադարեն։