Արարատի մարզի Արարատ քաղաքում դեկտեմբերի 25-ին անհայտ անձի կողմից շների գնդակահարությունների առնչությամբ վարույթ չի նախաձեռնվել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։

Նա նշեց, որ Ոստիկանությունն ահազանգ է ստացել գնդակահարված մեկ շան մասին՝ չնայած, որ ֆեյսբուքյան օգտատերերը ահազանգել էին գնդհակահարված ավելի շատ շների մասին։

«Վարույթ չի նախաձեռնվել, քանի որ ՔՕ 307-րդ հոդվածի իմաստով կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի հատկանիշների առկայության վերաբերյալ տվյալներ չեն ստացվել»,- նշեց նա։

Հավելենք, որ ՔՕ 307-րդ հոդվածը՝ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը, սահմանում է՝

  1. Կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքը՝ կենդանու կյանքի ընդհատումը խեղդելու, կախելու, մասնատելու, թունավորելու կամ այնպիսի նյութ ներարկելու միջոցով, որը տառապանք պատճառելով է հանգեցնում մահվան, ողջ վիճակում կենդանու մաշկազերծումը, անդամահատումը, կենդանիների մարտի կազմակերպումը կամ իրականացումը կամ անտուն կենդանու այնպիսի հավաքը կամ բռնումը, որը հանգեցնում է կենդանու խեղմանը կամ կենդանու կյանքի ընդհատմանը, ինչպես նաև կենդանուն սահմանված կարգի խախտմամբ գիտահետազոտական, բժշկական կամ փորձարարական նպատակով օգտագործելը կամ այլ դաժան վերաբերմունքը՝

պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

  1. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝

1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,

2) առանձին դաժանությամբ,

3) 12 տարին չլրացած անձի ներկայությամբ կամ

4) շահադիտական դրդումներով՝

պատժվում է տուգանքով` տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուրից երկու հարյուր ժամ տևողությամբ, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով։

Աներեւակայելի է․ Արարատ քաղաքում վերջերս ձագեր ունեցած շների են գնդակահարել