Հայաստանի խորհրդարանի պատգամավորները հոկտեմբերի 27-ին երրորդ եւ վերջին ընթերցմամբ ընդունել են «Հայաստանում ատոմային նոր էներգաբլոկի շինարարության մասին» օրենքը: Իր խոսքում Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը նկատեց, որ օրինագիծը նախատեսում է 1,2 ՄՎտ հզորությամբ նոր ատոմային էնեգաբլոկի շինարարության հնարավորություն, որի շահագործման ժամկետը կազմելու է 60 տարի:

Նախարարի խոսքերով, Հայաստանում ատոմային նոր էներգաբլոկի շինարարության համար անհրաժեշտ կլինի 4-5 մլրդ դոլար: Մովսիսյանը նշեց, որ նոր էներգաբլոկի (բլոկների) շինարարությունը երկրի համար հատուկ նշանակություն կունենա, քանի որ Հայաստանի հարեւան երկրները էլեկտրաէներգիայի դեֆիցիտ ունեն, իսկ Հայաստանը միակն է, որ կարող է էլեկտրաէներգիա արտադրել ոչ միայն սեփական կարիքները հոգալու, այլեւ արտահանելու համար:

Նշենք, որ օրերս «Ռոսատոմ» պետական կորպորացիայի ղեկավար Սերգեյ Կիրիենկոն Երեւան կատարած այցի արդյունքներով հայտարարեց, որ «Ռոսատոմ»-ը պատրաստ է իր ծառայություններն առաջարկել հայկական ԱԷԿ-ի նոր էներգաբլոկի կառուցման համար՝ ռուսաստանյան հուսալի տեխնոլոգիաներով: