Yandex-ի համահիմնադիր Արկադի Վոլոժը հեռանում է ընկերությունից։ Այս մասին նա հայտարարել է աշխատակիցներին ուղղված ուղերձում, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Եկեք պարզաբանեմ, որտեղ եմ ես եւ ով եմ ես։ Ինչպես գիտեք, ես արդեն վաղուց չեմ ղեկավարում ռուսական «Յանդեքսը», իսկ այս տարի ես ստիպված էի թողնել ընկերությունում զբաղեցրած բոլոր պաշտոնները», - նշել է նա։

Վոլոժը հավելել է, որ ներկայիս պայմաններում ողջամիտ եւ անհրաժեշտ է ընկերության վերակառուցվածքավորման ծրագիրը,  որի մշակմամբ այժմ զբաղվում է Yandex-ի տնօրենների խորհուրդն ու ղեկավարությունը։

«Յանդեքսից» Վոլոժի հեռանալու մասին հայտնի  էր դարձել ամռանը։ Հունիսին ԵՄ-ն Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի շրջանակում սահմանափակումներ էր սահմանել Վոլոժի նկատմամբ։ Դրանից հետո ընկերությունից հայտնել էին, որ համահիմնադիրը հեռացել է «Յանդեքս»  ընկերությունների խմբի տնօրենների խորհրդից եւ գործադիր տնօրենի պաշտոնից, ինչպես նաեւ խմբի միջազգային դուստր ձեռնարկություններում ղեկավար պաշտոններից։ Այդ ժամանակ Վոլոժը հստակեցրել էր, որ շարունակելու է «օգնել ընկերությանն ու նրա թիմին»։

Վոլոժի հրաժեշտի նամակի հրապարակումից հետո իրավիճակին ծանոթ ՏԱՍՍ-ի աղբյուրը հայտնել է, որ ընկերությանի համահիմնադիրը մնում է արտաքին խորհրդատու։ Սակայն այս տեղեկությունը հերքել են «Յանդեքսից»՝ ընդգծելով, որ Վոլոժը թողել է բոլոր պաշտոնները։