Թուրքիայի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դոնմեզը TVnet հեռուստաալիքի եթերում ելույթի ժամանակ հայտարարել է, որ Թուրքիան մտադիր չէ սահմանափակել կամ վերահսկել գործարքները Ստամբուլում ստեղծվող գազային հանգույցում։
Պատասխանելով էներգետիկայի ոլորտում հակառուսական պատժամիջոցների պայմաններում գազային հանգույցի աշխատանքի հեռանկարների մասին հարցին՝ Դոնմեզը հայտարարել է, որ այդ պլատֆորմի շնորհիվ ստեղծվում են շուկայական մեխանիզմներ բնական գազի իրացման համար, եւ Թուրքիան չի պատրաստվում միջամտել վաճառողի եւ գնորդի հարաբերություններին՝ մտցնելով որեւէ սահմանափակում:
Ընդ որում, թուրք նախարարը պնդում է, որ Անկարան գազի գործարքների թափանցիկ համակարգ է ստեղծում։ Նրա խոսքով՝ ոչ մի սահմանափակում չի կիրառվի ոչ մատակարարների, ոչ գնորդների համար։ Նախարարը կարծում է, որ այս հարթակում Եվրոպայից շատ հաճախորդներ կլինեն։
Դոնմեզը նաեւ հավելել է, որ Ռուսաստանը գազի չափազանց կարեւոր մատակարար է։ Ինչպես նշել է նախարարը, հանգույցի հարթակում կողմերը հնարավորություն կունենան պայմանավորվել, եւ եթե երկրներից որեւէ մեկը չկարողանա վաճառել գազը, ապա դա կլինի «իր սեփական չվաճառված գազը», հաղորդում է MK-ն։




























