Չինաստանի տնտեսությունը շատ ցուցանիշներով չափազանց հաջողակ է եղել։ 17,7 տրիլիոն դոլարի չափով համախառն ներքին արդյունքը զիջում է միայն ԱՄՆ-ին: Այն նաեւ աշխարհում երրորդ ամենամեծ առեւտրային ուժն է, որը զիջում է միայն ԱՄՆ-ին եւ ԵՄ-ին: Սակայն չինական արժույթին՝ յուանին, բաժին է ընկնում համաշխարհային առեւտրի միայն 3 տոկոսը։ Ընդ որում՝ դոլարի մասնաբաժինը 87 տոկոս է։ Չնայած իր տնտեսական եւ քաղաքական հզորությանը՝ երկիրը չի գերակշռում թղթային արժույթի համաշխարհային հոսքում: Այժմ Պեկինը փորձում է փոխել այդ իրավիճակը, գրում է Money Wise-ը։
Ինչպե՞ս են արժույթները ստանում պահուստային կարգավիճակ
Պահուստային արժույթի կարգավիճակի հասնելը պաշտոնական գործընթաց չէ: Ընդհակառակը, դա նման է ժողովրդականության մրցույթում հաղթելուն:
Համաշխարհային առեւտրի եւ միջսահմանային առեւտրի համար ամենատարածված արժույթը դե ֆակտո դառնում է պահուստային արժույթ:
1450 թվականից ի վեր եղել են պահուստային արժույթի վեց հիմնական ժամանակաշրջաններ: Պորտուգալիան գերակշռում էր համաշխարհային պահուստներում մինչեւ 1530 թվականը, երբ Իսպանիան ուժեղացավ: Նիդեռլանդների եւ Ֆրանսիայի կողմից թողարկված արժույթը գերակշռում էր համաշխարհային առեւտրում 17-րդ եւ 18-րդ դարերի ընթացքում: Բայց Բրիտանական կայսրության գալուստը ֆունտ սթեռլինգը դարձրեց պահուստային արժույթ մինչեւ Առաջին համաշխարհային պատերազմի ավարտը:
ԱՄՆ դոլարը ինրինեց ֆունտը հենց այն ժամանակ, երբ Ամերիկան տնտեսական գերակայություն ձեռք բերեց Մեծ Բրիտանիայի նկատմամբ: 2008 թվականից ի վեր համաշխարհային գործարքների ավելի քան 75 տոկոսը կատարվել է ԱՄՆ դոլարով: Դոլարին բաժին է ընկնում նաեւ արտաքին պարտքային պարտավորությունների թողարկման ավելի քան 60 տոկոսը եւ Կենտրոնական բանկերի համաշխարհային պահուստների 59 տոկոսը։
Չնայած վերջին տարիներին դոլարի ազդեցությունն այս բոլոր շուկաների եւ գործիքների վրա աստիճանաբար թուլանում է, ոչ մի այլ արժույթ չի մոտենում այդ մակարդակներին: Չինական յուանը, անշուշտ, կենսունակ այլընտրանք չէ, բայց աշխարհաքաղաքական եւ մակրոտնտեսական միտումները աջակցում են դրա գերիշխանության աճին:
Չինաստանի ծրագիրը
Անցյալ տարի չինացի առաջնորդները հասկացրել էին, որ ցանկանում են բարձրացնել յուանի՝ որպես պահուստային արժույթի կարգավիճակը։ Չինաստանի տնտեսությունը եւ առեւտրային հոսքերը բավականաչափ մեծ են նման քայլին աջակցելու համար: Սակայն այժմ երկիրը պետք է համոզի օտարերկրյա կենտրոնական բանկերին սկսել չինական յուանը պահել պահուստում։
2022 թվականի հուլիսին Չինաստանի Ժողովրդական բանկը հայտարարել է հինգ երկրների եւ Միջազգային Հաշվարկների Բանկի հետ համագործակցության մասին՝ այդ նպատակին հասնելու համար։ Չինաստանը Ինդոնեզիայի, Մալայզիայի, Հոնկոնգի, Սինգապուրի եւ Չիլիի հետ միասին 15-ական մլրդ յուան (մոտ 2,2 մլրդ դոլար) կներդնի յուանով իրացվելիության մասին համաձայնագրում:
Մինչդեռ չինական յուանն արդեն դե ֆակտո պահուստային արժույթ Է դարձել Ռուսաստանում։ Ռուսաստանի ղեկավարությունը դիմել Է Չինաստանին այն բանից հետո, երբ բախվել է Արեւմուտքի պատժամիջոցների հետ։ Յուանը նաեւ երրորդ ամենատարածված արժույթն է Մոսկվայի բորսայում:
Քանի որ այս գործընկերություններն ամրապնդվում են, յուանի ՝ որպես պահուստային արժույթի կարգավիճակը կարող է էլ ավելի ամրապնդվել:
Գլոբալ ազդեցություն
Տնտեսագետները, այդ թվում՝ Կալիֆոռնիական համալսարանից Բարի Էյխենգրինն ու Ֆրանսիայի կենտրոնական բանկից Կամիլա Մաքերը, հրապարակել են մի հոդված, որը վերլուծում է յուանի ՝ որպես պահուստային արժույթի ներուժը: Հետազոտողները պնդում են, որ դոլարի փոխարինումը հեշտ կամ արագ չի լինի: Այնուամենայնիվ, նրանք գտել են ապացույցներ, որ յուանի պահուստները կայուն աճել են այն երկրներում, որոնք ավելի սերտ առեւտրային հարաբերություններ ունեն Չինաստանի հետ:
Այս աճող ազդեցությունը կարող է յուանը դարձնել ԱՄՆ դոլարի այլընտրանք «բազմաբեւեռ» աշխարհում: Այլ կերպ ասած՝ Չինաստանը կարող է ժամանակի ընթացքում թուլացնել դոլարի ազդեցությունը: Հետազոտության հեղինակները նշել են, որ յուանի ներկայիս դիրքը նման էր 1950-ականներին ԱՄՆ դոլարի վիճակին։





























