Բոսֆորի նեղուցում խարիսխ գցած եւ հարավից հյուսիս անցնելու թույլտվությանը սպասող նավերի հերթը ձգվել է Ստամբուլում Մարմարա ծովի ափի երկայնքով, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

Նավերի շարժումը Բոսֆորի նեղուցով մասամբ վերականգնվել է երկուշաբթի ժամը 17։40-ից՝ այն բանից հետո, երբ նավերը հանել են տիղմից, հայտնել է Թուրքիայի առափնյա պահպանության գլխավոր վարչությունը։ Նավագնացությունը դադարեցվել է ավելի քան տասը ժամով, սակայն հարավից հյուսիս նավերի տեղաշարժը դեռեւս արգելված է։

Նեղուցով անցնելու հերթին սպասող նավերը խարիսխ են գցել Մարմարա ծովի ափի երկայնքով առնվազն 45 կիլոմետր երկարությամբ շարքով, հերթում ավելի քան 75 նավ կա, այդ թվում՝ նավթով առնվազն 35 լցանավ:

Նավերի շարժմանը հետեւող պորտալների տվյալներով՝ Ստամբուլի ափերի մոտ, ասիական կողմում նույնպես առնվազն 40 նավ է հերթում կանգնած:

Միաժամանակ, Բոսֆորում նավարկության դադարեցում տեղի է ունենում նաեւ սովորական օրերին՝ եղանակային պայմանների, այլ ոչ վթարների պատճառով։