ՀՅԴ Հայ դատի Ամերիկայի գրասենյակը (ANCA) ԱՄՆ Պետքարտուղարությանը կոչ է արել ուսումնասիրել Լեռնային Ղարաբաղի օդային տարածքում ոչնչացված ադրբեջանական անօդաչու սարքի տեսագրությունը, որպեսզի հետաքննություն իրականացվի՝ պարզելու զենքի արտահանման մասին ԱՄՆ օրենքի հնարավոր խախտումը։
ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնին ուղղված նամակում ՀՅԴ Հայ դատի Ամերիկայի գրասենյակի նախագահ Քեն Խաչիկյանը նշում է, որ տեսագրության մեջ պարզ երեւում է անօդաչու սարքեր արտադրող NovAtel ֆիրմայի անվանումն ու լոգոտիպը։ Կանադայում հիմնադրված այս ֆիրման ներկայացուցչություն ունի ԱՄՆ-ում՝ Թեքսասում:
Ադրբեջանական կողմից ուժի կիրառման մասին մշտական հայտարարությունների ֆոնին Խաչիկյանը հատկապես անհանգստություն է հայտնել այն առումով, որ Բաքվի ռազմական ագրեսիան ուղիղ կամ անուղղակի կերպով կարող է աջակցություն ստանալ ԱՄՆ ռազմական տեխնիկայի կողմից, ինչը խախտում է ամերիկյան օրենքները։
«Դա հակասում է ամերիկացի ժողովրդի՝ Հարավային Կովկասում եւ ամբողջ աշխարհում հակամարտությունների խաղաղ կարգավորմանը հավատարիմ լինելու սկզբունքին»,- ասված է նամակում։
Սեպտեմբերի 14-ին հայտնի էր դարձել, որ ԼՂՀ Զինված ուժերն ադրբեջանական հետախույզ-օդանավ են ոչնչացրել։ Ինչպես հայտնել էր ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը, ադրբեջանական անօդաչու սարքը խփվել էր սեպտեմբերի 12-ին, տեղական ժամանակով 7։30-ին։ Այլ մանրամասներ չէին հաղորդվել։ Գործի հանգամանքները ուսումնասիրելու համար Ղարաբաղում հանձնաժողով է ստեղծվել։




























