Հայաստանի կառավարությունը 2008թ. մոտ երկու միլիարդ դրամ է ծախսել «Տոյոտա» մակնիշի մեքենաներ գնելու վրա: Նշենք, որ ըստ որոշ տեղեկությունների՝ «Տոյոտա Երեւան» ընկերության իրական սեփականատերը Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին է՝ Սեդրակ Քոչարյանը, թեեւ ընկերությունը անվանապես ձեւակերպված է Քոչարյանի մտերիմը համարվող Սամվել Մայրապետյանի անունով:

Գյումրիի լրագրողների «Ասպարեզ» ակումբի ներկայացրած տվյալներով՝ 2008թ. կառավարությունը 2 մլրդ 659 մլն 731 հազար դրամ է ծախսել մեքենաներ գնելու համար, որից 1 մլրդ 931 մլն 710 հազարը կամ ընդհանուր թվի 72,6 տոկոսը կառավարությունը ծախսել է 241 հատ «Տոյոտա» մակնիշի մեքենա գնելու համար: Հիշեցնենք, որ 2007թ. կառավարությունը մոտ 1 մլրդ կամ ընդհանուր թվի 56,6 տոկոսն էր ծախսել «Տոյոտաների» վրա: Մեքենաները հիմնականում գնել են ոստիկանության (200 հատ), նախագահի եւ ԱԺ աշխատակազմերի համար, թեեւ մի շարք այլ գերատեսչություններ էլ «հաճույքով» «Տոյոտա» են պատվիրել:Կառավարությունը Կարեն շահմուրադյանին պատկանող ընկերություններից գնել են 230 մլն դրամի մեքենա կամ ընդհանուր թվի 8,8 տոկոսը, թեեւ 2007թ. այլ ընկերությունների մեքենաների վրա ծախսվել էր գումարի 20 տոկոսից ավելին:

Ի դեպ, իր ճաշակին հավատարիմ է գլխավոր դատախազությունը, որը նախորդ տարվա պես գնել է միայն «Ֆոլքսվագեններ»՝ «Եվրովագեն» ընկերությունից: Չար լեզուների պնդմամբ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն այդ ընկերության փայատերերից է: