Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Դեյվիդ Միլիբենդը չի բացառել, որ «Արեւելյան հարեւանություն» ծրագիրը կարող է դառնալ մասնակից-երկրների համար ցատկահարթակ Եվրամիությանն անդամակցելու համար: Այդ մասին Միլիբենդը հայտարարել է Լոնդոնում՝ ելույթ ունենալով Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտում (International Institute for Strategic Studies, IISS), Եվրամիության, որպես համաշխարհային շարժիչ ուժի մասին զեկույցով:
Իր ելույթում նա նաեւ ընդգծել է «Արեւելյան հարեւանության» դերը տնտեսական բարեփոխումների գործում: «Եթե մեր արեւելքի երկրները, միանան ընդհանուր տնտեսական ընկերակցությանը, դա կբարելավի ոչ միայն իրենց էներգետիկ անվտանգությունը, այլեւ մերը»,- ասել է Միլիբենդը:
Հիշեցնենք, որ մայիսի 7-ին Պրահայում կայացել է «Արեւելյան հարեւանության» հիմնադիր գագաթնաժողովը, ուղղված 6 երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի հետ հարաբերություններին: ԵՄ-ն հաստատել է ծրագիրը՝ 2009-2013թ.թ. հատկացնելով 600 մլն եվրո գումար:




























