ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Հայաստանի Հանրապետությունում Սիրիայի Արաբական Հանրապետության դեսպանատուն և գրառում կատարել Սիրիայում տեղի ունեցած՝ հարյուրավոր զոհերի, վիրավորների և հսկայական ավերածությունների պատճառ դարձած երկրաշարժի կապակցությամբ բացված սգո մատյանում:
ՀՀ նախագահի աշխատակազմից NEWS.am-ին հայտնում ենմ, որ նախագահ Վահագն Խաչատուրյանը, մասնավորապես, գրել է. «Իմ անկեղծ վշտակցության և զորակցության խոսքերն եմ հղում Սիրիայի բարեկամ ժողովրդին, զոհվածների ընտանիքներին մաղթում եմ տոկունություն և ոգու արիություն, իսկ տուժածներին՝ շուտափույթ ապաքինում»:
Նախագահ Խաչատուրյանը կարճատև զրույց է ունեցել նաև Հայաստանում Սիրիայի դեսպան Նորա Արիսյանի հետ:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում երկրաշարժ էր տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին ևս 2 ուժգին երկրաշարժ էր գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ: Թուրքիայում երկրաշարժի զոհ դարձածների թիվը հասել է 18 342-ի, 72 424 տուժած կա:
Այս երկրաշարժերից հետո ավերածություններ են գրանցվել նաև Սիրիայի մի քանի շրջաններում։ Սիրիայի առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն՝ երկրաշարժից մահացածների թիվը գերազանցել է 3000–ը, ավելի քան 5000 տուժած կա։ Նշենք, որ որոնողափրկարարական թիմերը Հայաստանից Թուրքիա և Սիրիա են մեկնել փետրվարի 8-ին։





























