Թուրքիայում նման մեծ ողբերգության պայմաններում հուսադրող է տեսնել Հայաստանի աջակցությունը։ Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Հարավային Կովկասի եւ Վրաստանի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։
«Թուրքիայում տեղի ունեցած նման մեծ ողբերգության պայմաններում ոգեւորիչ է տեսնել իր հարեւան Հայաստանի ցուցաբերած աջակցությունը եւ դրա ստեղծած դրական արձագանքը», - գրել է նա։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման բանակցություններում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը շնորհակալություն էր հայտնել Հայաստանին՝ երկրաշարժից հետո Թուրքիային ցուցաբերած օգնության համար։
Նա հայտնել է, որ 5 բեռնատար՝ 100 տոննա պարենամթերքով, դեղորայքով, ջրով եւ շտապ օգնության այլ փաթեթներով, հատել են հայ-թուրքական սահմանը եւ շարժվել դեպի Թուրքիայի Ադըյաման քաղաք։
Հիշեցնենք, որ Հայաստանի կառավարությունը Թուրքիա է ուղարկել նաեւ 27 փրկարար։
Վերջին տվյալներով՝ Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով զոհերի թիվը գերազանցել է 24 600-ը։




























