Երեւանում երթեւեկության ծանրաբեռնվածության դեմ պայքարելու նպատակով քաղաքային իշխանությունները եւ ոստիկանությունը պարբերաբար նորամուծություններ են մտցնում։ Ցավոք, ոչ միշտ հաջող:
Այս նորամուծություններից մեկն արդեն մի քանի շաբաթ «ուրախացնում» է Մալաթիա-Սեբաստիա շրջանի բնակիչներին։ Պարզաբանենք․ Անդրանիկ եւ Բաբաջանյան փողոցների շրջանաձեւ խաչմերուկում, որը միկրոշրջանի կենտրոնն է, կան հասարակական տրանսպորտի կանգառներ։
«Պիկ» ժամերին խաչմերուկում երթեւեկությունը բավականին ծանրաբեռնված է մի քանի պատճառներով։ Նախ՝ հետիոտների անշտապության եւ խմբերով չանցնելու պատճառով, քանի որ երթեւեկությունը որեւէ կերպ չի կարգավորվում, բացառություն են կազմում այն դեպքերը, երբ հերթապահում են պարեկները։ Վարորդների, այդ թվում՝ հասարակական տրանսպորտի վարորդների անկարգապահության պատճառով։ Խաչմերուկում մեքենաների մեծ կուտակումների պատճառով։ Հենց վերջին հարցն էլ փորձեցին լուծել քաղաքապետարանում ՝ խաչմերուկի տարածքից դուրս տեղափոխելով հասարակական տրանսպորտի կանգառը։ Իսկ որպեսզի ուղեւորների մոտ իսպառ վերանա նույն տեղում ավտոբուսները «կանգնեցնելու» ցանկությունը, մայթը խնամքով շրջապատվել է գեղեցիկ ցանկապատով։ Սակայն ստացվել է հայտնի խոսքի պես․ ցանկանում էին ավելի լավ լիներ, սակայն եղավ․․․իսկ եղավ այնպես, որ կանգառը տեղափոխելու ժամանակ առանձնապես չեն մտածել մտադրությունն իրագործելու մասին։
Արդյունքում՝ «հասարակական տրանսպորտի կանգառ» ցուցանակը գտնվում է ավտոկայանատեղիի մեջտեղում, իսկ մարդիկ ստիպված են խմբերով կանգնել ճանապարհի մեջտեղում։ Տրանսպորտային միջոցները ստիպված են լինում կանգնել հետոիոտնային անցումում դրանից բխող բոլոր հետեւանքներով, էլ չխոսելով այն մասին, որ ճանապարհային երթեւեկության կանոններով նման բան կտրականապես արգելվում է։ Հետաքրքիր է, միթե մի քանի շաբաթում ոչ մի պարեկ կամ թաղապետարանի կամ քաղաքապետարանի պաշտոնյա չի անցել ու չի տեսել, թե ինչ է կատարվում։
Ստացվում է, որոշում կայացնող ոչ այնքան պատասխանատու պաշտոնյաները չեն էլ մտածել տեղում տեսնելու իրենց չմտածված որոշման հետեւանքները։ Եթե կանգառն արդեն տեղափոխել եք, բարի եղեք պայմաններ ստեղծեք, որպեսզի ուղեւորները կարողանան սպասել տրանսպորտին՝ առանց իրենց կյանքը վտանգելու։




























