Անցած հանգստյան օրերին Բրազիլիայի Սան Պաուլու նահանգում տեղացած հորդառատ անձրեւների զոհ է դարձել առնվազն 40 մարդ, նույնքան մարդ անհետ կորել է, հաղորդում է Globo-ն:

Նշվում է, որ 40 մահերից 39-ը գրանցվել է Սան Սեբաստիան մունիցիպալիտետում, եւս մեկը՝ Ուբատուբայի մունիցիպալիտետում, որտեղ մահացել է 7-ամյա աղջիկ։ 

Սան Պաուլու նահանգի մի շարք բնակավայրերում խախտվել է էլեկտրամատակարարումը եւ ջրամատակարարումը, ինչպես նաեւ բջջային կապի աշխատանքը: Սողանքները արգելափակել են նահանգի մի քանի խոշոր ավտոմայրուղիների երթեւեկությունը։ 

Հանգստյան օրերին տեղացել է ամսական նորմայից ավելի տեղումներ: Վեց համայնքներում արտակարգ դրություն է հայտարարվել։

Առավել տուժած Սան Սեբաստիանում տեղացել է 627 միլիմետր տեղումներ, ինչը նորմայից կրկնակի մեծ է ամբողջ փետրվարի համար:   

Բերտիոգայում տեղումների ծավալը՝ 24 ժամում 683 միլիմետր, ռեկորդային է դարձել Բրազիլիայի պատմության մեջ։