ԱՊՀ երկրներում ու Եվրամիությունում Գազպրոմի ռազմավարությունը կախված է ոչ ավանդական շուկաների` Չինաստանի եւ Հյուսիսային Ամերիկայի, նաեւ գազաքիմիական արդյունաբերության զարգացման հեռանկարներից: Եթե Եվրամիության եւ ԱՊՀ երկրների ավանդական շուկաները մնան հիմնական, ապա հենց դրանք էլ ստիպված կլինեն ապահովել Ռուսաստանի գազի արտահանման ամբողջ շահույթը, իսկ դա հղի է գնի բարձրացմամբ:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Ռուսաստանի Էներգետիկայի եւ ֆինանսների ինստիտուտի նավթագազային բաժնի վարիչ Վլադիմիր Ռեւենկովը հայտարարեց, որ նոր շուկաներում արվող ներդրումները ընդամենը բարի կամքի դրսեւորում չեն:
«Տարեկան 27,5 միլիարդ խմ հզորությամբ «Հյուսիսային հոսքի» առաջին հերթի փորձարկումը ենթադրում է, որ արդեն հոկտեմբերին այս նախագիծը դուրս կգա կոմերցիոն հարթություն: Հետո տեղի կունենա նույն հզորությամբ երկրորդ գազատարի կառուցումը: Գազը կարտահանվի Գերմանիա, այնտեղից` այլ եվրոպական երկրներ: Այս գազատարի լիարժեք շահագործումն ու հեռանկարում «Հարավային հոսքի» շահագործումը Ռուսաստանին թույլ կտա մեծացնել գազի արտահանման հնարավորությունները (տարեկան մինչեւ 120 միլիարդ խմ), ինչը չի նշանակում արտահանման ծավալի մեծացում եվրոպական ուղղությամբ: «Հյուսիսային եւ Հարավային հոսքերը» կարելի է ասել պարտադրված էին Ռուսաստանին Ուկրաինայի եւ Բելառուսի քաղաքականությամբ: Արդեն երկար տարիներ այդ երկրները ճնշում են գործադրում Ռուսաստանի վրա` օգտագործելով խորհրդային տարիներից մնացած գազատրանսպորտային գծերը:
Միեւնույն ժամանակ, արեւմտյան ուղղությունն ունի աճի հայտնի սահմաններ, որը հնարավոր է հաշվարկել Եվրոպայում գազի պահանջարկի կանխատեսումների հիման վրա: Մինչեւ 2030թ. Եվրոպայի գազի պահանջարկը կանխատեսվում է տարեկան մոտ 200 միլիարդ խմ: Առաջարկի զգալի գերակշռությունը պահանջարկի նկատմամբ արտահանողի համար կհանգեցնի գնորդի կողմից արդար կամ ցածր գնի պահանջի: Այդ կարգի խնդիրների Գազպրոմը բախվում է արդեն այսօր եւ ստիպված է ազատականացնել գնային քաղաքականությունը` առաքումների ծավալը պահպանելու համար»,- նշեց Ռեւենկովը:
Մասնագետի կարծիքով, արեւելյան ուղղությամբ` Չինաստանն ունի գազի սեփական զգալի պաշարները, որոնք համեմատելի են ԱՄՆ-ի գազի պաշարների հետ: Համաշխարհային գներով գազի սպառումը Չինաստանում հեռանկար ունի միայն զարգացած արդյունաբերական արեւելյան ափամերձ նահանգներում, իսկ Չինաստանի տնտեսության մեծ մասի համար ավանդական է մնում ածուխը, որի պաշարները հսկայական են` 114 միլիարդ տոննա: 2010-ին արդյունահանվել է 1,8 միլիարդ տոննա: Այդ պատճառով գնի հարցով Գազպրոմի եւ Չինաստանի բանակցություններն արդյունք չեն տալիս:
«Առաջիկա տարիներին Ռուսաստանը ստիպված կլինի մոռանալ նաեւ Հյուսիսային Ամերիկայի եւ Կանադայի շուկաների մասին: Վերջին 5-6 տարիներին այնտեղ հսկայական փոփոխություններ են տեղի ունեցել: Տեխնոլոգիաների զարգացման շնորհիվ ԱՄՆ-ում աճել է թերթաքարային գազի արդյունահանումը եւ գոյացել է առաջարկի մեծ ավելցուկ: Դրա արդյունքում ամերիկյան շուկայում գազի գինը կազմում է նավթի գնի 28-30%-ը, մինչդեռ Եվրոպայում այդ ցուցանիշը 70-80% է»,- հայտնեց Ռեւենկովը:
Նա վստահ է, որ գազի բիզնեսում արտահանման ռազմավարություն մշակելն ամենաբարդն է եւ ներդրողներից պահանջում է դիմել մեծ ռիսկի. գազի պաշարները անսահմանափակ չեն, իսկ արդյունահանման եւ առաքման տեխնոլոգիաները չափազանց աշխատատար են եւ պահանջում են հսկայական ֆինանսական ներդրումներ:




























