Թուրքերի վախն ԱՍԱԼԱ-ի հանդեպ շարունակում է  պահպանվել: Դեռ ամիսներ առաջ թուրքական պարբերականներից մեկը ստահոդ հերթական լուրն էր տարածել, թե իբր ԱՍԱԼԱ-ն սպառնացել է Վրաստանում Թուրքիայի դեսպանատան աշխատակազմին: Սակայն մեծ էր դեսպանատան աշխատակցի զարմանքը, երբ նրան NEWS.am-ի թղթակիցը հարցրեց դրա մասին: Նա պարզապես տեղյակ չէր, որ թուրքական մամուլն իրենց մասին նման բան է հրապարակել:

Այս անգամ էլ իր «սենսացիոն» հրապարակում է գրել  թուրքական SABAH պարբերականը՝ պնդելով թե ամերիկահայերը ԱՍԱԼԱ-ի նման նոր կազմակերպություն են ստեղծում, որը պետք է պայքարի հայերի թշնամիների դեմ եւ պաշտպանի նաեւ ԱՄՆ-ին արտաքին վտանգներից:Հրապարակման մեջ նշվում է, թե «Ամերիկահայերի լեգիոն» կոչվող կազմակերպությունն ակտիվ գործունեություն է իրականացնում ինտերնետում, այդ թվում Facebook-ում եւ այլ սոցցանցերում:

«SABAH-ին հասած տեղեկություններով՝ հայերի ստեղծած կազմակերպությունում զինվորական կարգուկանոն է հաստատված, որտեղ ռազմական պատրաստություն են անցնում: Գործում են 2-5 հոգանոց խմբեր, որոնք իրականացնելու են մահափորձեր եւ ռազմական այլ գործողություններ»,-գրում է թուրքական պարբերականը՝ շեշտելով, թե Թուրքիայի ազգային հետախուզության ծառայությունը այդ կազմակերպության գործունեության վերաբերյալ տեղեկություններ է հավաքել, իսկ ԱԳՆ-ը զգուշացրել է ԱՄՆ-ին այդ կազմակերպության մասին:

Նշվում է, թե ՄԱԿ-ի համագումարի համար ԱՄՆ մեկնող Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այս հարցը բարձրացնելու է: Թուրքական պարբերականը պնդում է, թե բացի ԱՄՆ-ից, հայկական այդ կազմակերպությունը գործունեություն է ծավալում նաեւ Ռուսաստանում եւ Լիբանանում: «Վերջին շրջանում խիստ լարված թուրք-իսրայելական հարաբերությունների պատճառով Իսրայելը եւս աջակցում է հայկական կազմակերպությանը:  Եթե Թուրքիային հաջողվի վերացնել  PKK-ն,  արտաքին որոշ ուժեր մտադիր են իրականացնել B պլանը եւ երեւան հանել հայերի ստեղծած նոր ԱՍԱԼԱ-ն»,-գրում է SABAH-ը՝ վկայակոչելով նաեւ Թուրքիայի ազգային հետախուզության ծառայության տվյալները: