Մեքսիկայի հանրային անվտանգության երբեմնի ազդեցիկ նախարարը երեքշաբթի ատենակալների ամերիկյան դատարանի կողմից մեղավոր է ճանաչվել թմրանյութերի մաքսանենգությանն աջակցելու մեջ, տեղեկացրել է AFP-ն։

Ֆելիպե Կալդերոնի նախագահության (2006-2012թթ.) ժամանակ հանրային անվտանգության նախարար աշխատած Խենարո Գարսիա Լունան Նյու Յորքում աղմկալի դատավարությունից հետո մեղավոր է ճանաչվել մեղադրանքի բոլոր հինգ կետերով։

Դատավարությունն ընթացել է մեկ ամիս եւ լույս սփռել Մեքսիկայի կառավարությունում ամենաբարձրաստիճան գործչի, որը երբեւէ դատարանի առջեւ է կանգնել ԱՄՆ-ում, կոռուպցիոն գործունեության վրա։

Դատավարությունը լույս է սփռել  Խոակին «Էլ Չապո» Գուսմանի ղեկավարած Սինալոա կարտելի հսկայական ռեսուրսների վրա։ Գուսմանն այժմ ցմահ բանտարկված է ամերիկյան բանտում։

Մեքսիկայի կառավարության նախկին անդամը դատապարտվել է հսկայական գումարներ ստանալու համար, ինչը կարտելին թույլ է տվել մաքսանենգ ճանապարհով տոննաներով կոկաին տեղափոխել։

Դատավճիռը կայացվելու է հունիսի 27-ին, նրան սպառնում է պարտադիր նվազագույն ժամկետ՝ 20 տարի եւ առավելագույն ժամկետ՝ ցմահ բանտարկություն։