Ֆրանսիայի հարավ-արեւմուտքում գտնվող Սեն-Ժան-դե-Լյուզ քաղաքի հռոմեական կաթոլիկ միջնակարգ դպրոցում 16-ամյա աշակերտը չորեքշաբթի դանակով սպանել է ուսուցչուհուն։

Դանակահարությունից հետո աշակերտները խուճապահար փախել են, հաղորդել է տեղական Sud Ouest թերթը: Իսպաներենի ուսուցչուհին 50 տարեկան էր, ասել է Sud Ouest-ը:

Ոստիկանությունը ձերբակալել է աշակերտին, որը մեկ այլ ուսուցչի ասել է, թե ինքը տարված է եղել այդ մտքով եւ լսել է ձայներ, որոնք հրամայել են իրեն հարձակվել ուսուցչուհու վրա, հաղորդում են տեղական ԶԼՄ-ները:

Կրթության նախարար Պապ Նդիայեն ցավակցություն է հայտնել մահացածի հարազատներին եւ մերձավորներին։