Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը նախազգուշացրել է, որ «Հարավային հոսք» գազատարի վրա պայթյունի դեպքում նման դիվերսիայի կազմակերպիչները չեն կարողանա «գորգի տակով ավլել» հանցագործության հետքերը, ինչպես փորձում են անել «Հյուսիսային հոսք»-ի դեպքում։

Նա հիշեցրել է, որ «Հարավային հոսքը», որով Հունգարիան գազ է ստանում, «հարվածային ուժ է դարձել ազգային տնտեսության մեջ», հաղորդում է Sputnik-ը։

«Հյուսիսային հոսքի պայթյունը պարզապես ահաբեկչություն էր, անկախ նրանից, թե ով է դա արել, դա ահաբեկչություն էր... Եթե դա արվել է «Հյուսիսային»-ում, պարզապես Ռուսաստանից Եվրոպա գազի մուտքը կանխելու համար, ապա դա կարող է տեղի ունենալ նաեւ «Հարավային»-ում: Մենք Սերբիայի հետ միասին հասկացրեցինք, որ եթե դա տեղի ունենա, ապա հնարավոր չի լինի այդքան հեշտությամբ «ավլել այն գորգի տակ», ինչպես հիմա անում են «Հյուսիսային հոսքի» պայթյունի դեպքում», - ասել է Օրբանը։

Պայթյունները «Հյուսիսային հոսք»-ում եւ չգործարկված «Հյուսիսային հոսք 2»-ում տեղի են ունեցել 2022 թվականի սեպտեմբերին։ Հետաքննության մեջ ներգրավված բոլոր կողմերը կատարվածը ճանաչել են որպես դիվերսիա։ Պայթյունների պատասխանատվությունը ոչ ոք չի ստանձնել։ 2023 թվականի փետրվարի սկզբին Պուլիտցերյան մրցանակի դափնեկիր հետաքննող լրագրող Սեյմուր Հերշը հոդված է հրապարակել, որտեղ նշվում էր, որ Միացյալ Նահանգները ներգրավված է դիվերսիայի մեջ։ Վաշինգտոնը հերքում է մեղադրանքները։