Երկրաշարժերի շարքի պատճառով առաջացած մտավախությունները նվազեցրել են ռուսաստանցիների հետաքրքրվածությունը Թուրքիայում անշարժ գույք ձեռք բերելու հանդեպ. մեկ ամսում նրանց ակտիվությունը կրճատվել է 40-60 տոկոսով, գրել է «Коммерсантъ»-ը։
«Երկրի ամառանոցային շուկաներն այժմ աջակցում են տուժած շրջանների բնակիչների լոկալ պահանջարկին։ Հետագայում դա կարող է նպաստել ռուսաստանյան ներդրողների ակտիվության աճին անշարժ գույքի ոլորտում, բայց նրանք առայժմ վերակողմնորոշվում են Թաիլանդի, Չեռնոգորիայի, Ինդոնեզիայի եւ ԱՄԷ-ի ուղղությամբ»,- նշել է ԶԼՄ-ն։
Փետրվարին Թուրքիայում բնակարան ձեռք բերելու ռուսաստանցիների պահանջարկը կրճատվել է հունվարի համեմատ 60 տոկոսով, ինչը երկու անգամ գերազանցում է 25-30 տոկոսանոց սովորական սեզոնային անկումը, հաշվարկել է Prian.ru-ն։
Այստեղ դինամիկան կապում են նորությունների ֆոնի հետ՝ երկրաշարժերի պատճառով։ Tranio-ի կոմերցիոն տնօրեն Ելենա Միլիշենկովան նշել է, որ Թուրքիայում անշարժ գույք ձեռք բերելու հայտերի թիվը փետրվարին կրճատվել է 41 տոկոսով։ Դա կանդրադառնա ապագայի գործարքների վիճակագրության վրա, նշել է նա։
Թուրքիան օտարերկրյա անշարժ գույքի ձեռքբերման ամենապահանջված ուղղություններից մեկն է։ Վիճակագրության տեղի ինստիտուտի տվյալներով՝ 2022թ. ռուսաստանցիներն այստեղ ձեռք են բերել 16,3 հազար օբյեկտ, ինչն ավելի քան երեք անգամ գերազանցում է 2021թ. ցուցանիշը։ NF Group-ում նշել են, որ Թուրքիան ձեւավորել է ունեւոր հաճախորդների պահանջարկի 30 տոկոսը՝ առաջ անցնելով ԱՄԷ-ից (26 տոկոս) եւ Կիպրոսից (14 տոկոս)։ Ընկերության տվյալներով՝ ռուսաստանցիների 61 տոկոսը 2022թ. օտարերկրյա անշարժ գույք է գնել կեցության իրավունք կամ քաղաքացիություն ստանալու, 17 տոկոսը՝ այնտեղ ապրելու համար, 15 տոկոսը՝ որպես ներդրում։
NF Group-ի օտարերկրյա անշարժ գույքի վարչության տնօրեն Աննա Լարինան ռուսաստանցիների համար ամենահանրահայտ թուրքական վայրերն է անվանել Ստամբուլը, Անթալիան, Ալանյան եւ Բոդրումը։ Prian.ru-ի գլխավոր խմբագիր Ֆիլիպ Բերեզինը նշել է, որ ռուսաստանցիների հետաքրքրվածությունն ամառանոցային վայրերում բնակարան վարձելու հարցում այժմ սահմանափակված է այն շրջանների կրճատմամբ, որտեղ պայմանագրի հիման վրա կարելի է ժամանակավոր կեցություն գրանցել։ Առայժմ շուկաներին աջակցում է տեղի բնակչության ակտիվությունը, որոնք երկրաշարժերից տուժած վայրերից տեղափոխվում են այստեղ, ասել է նա։ Մերսինում վարձակալումն այդ պատճառով թանկացել է երկու անգամ։ Ելենա Միլիշենկովայի կարծիքով՝ վարձակալման բարձր պահանջարկը ամառանոցային շրջաններում կխթանի ներդրումային պահանջարկն անշարժ գույք գնելու հարցում։
Ֆիլիպ Բերեզինի կարծիքով՝ Թուրքիայում անշարժ գույքի սովորական պահանջարկը կարող է վերականգնվել մոտ երկու ամիս հետո, եթե բացասական նորություններ չլինեն։ Բայց հաճախորդները վերակողմնորոշվում են ԱՄԷ-ի, Թաիլանդի, Վրաստանի, Բուլղարիայի եւ Չեռնոգորիայի ուղղությամբ։ «Ակտիվությունն այս ուղղություններում համադրելի կամ բարձր է 10 տոկոսով՝ հունվարի համեմատ, դա բնորոշ չէ փետրվարին, որը համարվում է մեռած ամիս գործարքների համար»,- ասել է Բերեզինը։ Tranio-ում նույնպես նկատել են հետաքրքրվածության աճ Թաիլանդի, Ինդոնեզիայի եւ Չեռնոգորիայի շուկաների հանդեպ։ Թուրքիայում ռուսաստանցիների կողմից անշարժ գույք ձեռք բերելու միջին բյուջեն 142 հազար եվրո է մեկ լոտի դիմաց, եւ պահանջարկը վերակողմնորոշվում է գնով համադրելի այլ վայրերի ուղղությամբ, նշել են ընկերությունում։





























