Պետական գնումների համակարգի բարեփոխումների շրջանակներում ՀՀ ֆինանսների նախարարության նախաձեռնությամբ Համաշխարհային Բանկը (ՀԲ) գնահատել է Հայաստանի գնումների համակարգը:

Գնահատման արդյունքները ներկայացվել են շնորհանդես-քննարկման ժամանակ: Գնահատումն իրականացրած խմբի ղեկավար Նաշադ Խանը նշել է, որ թեև տարածաշրջանի երկրների համեմատ Հայաստանի գնումների համակարգը գնահատվում է միջազգային չափանիշներին առավել համապատասխանող, սակայն այն ևս բարելավման կարիք ունի, մասնավորապես առաջարկվում են հետևյալ հիմնական փոփոխությունները.

1. ընդլայնել «Գնումների մասին» ՀՀ օրենքի կարգավորման դաշտը, դրանում ներառելով նաև բնական մենաշնորհ հանդիսացող ծառայություններ մատուցող կազմակերպությունների կարիքների համար իրականացվող գնումները, ինչպես նաև կոնցեսիայի և պետություն-մասնավոր հատված համագործակցության գործարքները.

2. ստեղծել պետական և տեղական մարմիններից ու պաշտոնյաներից անկախ Գնումների բողոքարկման խորհուրդ, և վերջինիս վերապահել բողոքների քննման և որոշումների կայացման լիազորությունը.

3. ապակենտրոնացնել գնումների համակարգը և պարզեցնել գնման գործընթացները,

ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի Գնումների գործընթացի կարգավորման և բյուջեների կատարման մեթոդաբանության վարչության պետ Կ. Բրուտյանը նշել է, որ նշված առաջարկներն ընդունելի են և դրանք արդեն իսկ քննարկվել և ներառվել են ՀՀ կառավարության կողմից հաստատված «Գնումների համակարգի բարեփոխումների» ռազմավարության մեջ: Նա նաեւ տեղեկացրել է, որ շուտով կառավարության քննարկմանը կներկայացվի «Գնումների մասին» ՀՀ օրենքի և ենթաօրենսդրական ակտերի փաթեթի նախագծեր, որոնցում կներառվեն նաև վերոհիշյալ առաջարկները: