Հայաստանի պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողների 5300 ընտանիքներին տրվող դրամական օգնության չափը սեպտեմբերի 1-ից սահմանվել է 30 հազար դրամ՝ նախկին 10 հազար դրամի փոխարեն։ NEWS.am-ի թղթակցի ուղղած հարցին ի պատասխան՝ այս մասին հայտնեցին Հայաստանի սոցիալական ապահովության պետական ծառայության միջազգային համագործակցության, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից։
Ըստ տեղեկության, սահմանված գումարին լրացուցիչ ավելանում է եւս 20 հազար դրամով՝ զոհված զինծառայողի ընտանիքի յուրաքանչյուր երեխայի համար:
Բացի այդ, փոխվել է պետության կողմից տրվող դրամական օգնության վճարման
կարգը, ըստ որի զոհված զինծառայողների ընտանիքները գումարն ստանալու են առանձին դրամական օգնության կարգով, եւ ոչ թե՝ ընտանեկան նպաստի համակարգից:
Զոհված զինծառայողների ընտանիքներին տրվող դրամական օգնությունն, այսպիսով, էապես աճել է, ինչը հնարավոր է դարձել ցուցակների ճշգրտմամբ: Արդյունքում, օրինակ, 2 երեխա ունեցող զոհված զինծառայողի ընտանիքը, բացի կենսաթոշակը, կստանա 70 հազար դրամ դրամական օգնություն՝ նախկին 38 հազար 500 դրամի փոխարեն, իսկ երեխա չունեցող ընտանիքը կստանա 30 հազար դրամ դրամական օգնություն՝ 23 հազար 500 դրամի փոխարեն (10 հազար դրամ դրամական օգնություն+ 13 հազար 500 ընտանեկան նպաստ):
Նոր կարգով գումարներն ստանալու համար անհրաժեշտ կլինի լիազոր մարմնից
ստանալ զոհված զինծառայողի ընտանիքի կարգավիճակը փաստող տեղեկանք, եւ այն ներկայացնել սոցիալական ապահովության պետական ծառայության տարածքային բաժիններ՝ դրամական օգնության ցուցակներում ընդգրկվելու համար:
Բացի այս փոփոխությունը, 5000 դրամով ավելացել է նաեւ Երկրորդ աշխարհամարտին եւ այլ պետություններում մարտական գործողությունների մասնակցելու հետեւանքով հաշմանդամ դարձած մոտ 4000 անձանց տրվող դրամական օգնության չափը, ինչպես նաեւ 5000 դրամով բարձրացվել է Երկրորդ աշխարհամարտի շուրջ 2800 վետերաններին տրվող ամենամսյա պատվովճարի չափը՝ դառնալով 25 հազար դրամ:
Սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Արտեմ Ասատրյանի
խոսքով, կենսաթոշակային ցուցակների ճշգրտման գործընթացն արդեն տալիս է իր դրական արդյունքները, եւ խնայված գումարներն ըստ առաջնահերթությունների ուղղվում են առավել խոցելի խմբերին: Նրա խոսքով, միասնական եւ ճշգրիտ տվյալների բազայի ձեւավորման աշխատանքները դեռեւս ընթացքում են։




























