2010 թվականի պետական բյուջեն հետճգնաժամային է եւ նախորդ տարիների համեմատ՝ ունենալու է մեծ դեֆիցիտ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԱԺ ֆինանսատնտեսական հարցերի հանձնաժողովի անդամ, հանրապետական խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը՝ հավելելով, որ 2010 թվականի բյուջեում դեֆիցիտը կազմել է 183 մլրդ դրամ:

ՀՀԿ ներկայացուցիչը կարծիք հայտնեց, որ տնտեսության մեջ բյուջետային ռեսուրսներն արդյունավետ չեն օգտագործվում եւ գումարների մի մասը փոշիանում է կառավարման համակարգում։ Նրա խոսքով, գումարները հատկապես փոշիանում են բանկային համակարգում վարկային շրջանառության ժամանակ։ Ալեքսանյանը չի ժխտում, որ փոշիացումը պայմանավորված է կոռուպցիայով եւ պետական գործիչների կողմից գանձագողության արդյունքում, սակայն նաեւ հավելում է, որ համաշխարհային ճգնաժամը եւս իր էական ազդեցությունն է ունեցել այդ հարցում։ Բյուջեի եկամուտների ավելացման հիմքը, ըստ Ալեքսանյանի, ստվերային տնտեսության նվազեցումն է, կառավարության կողմից լուրջ վերահսկողության իրականացումը: