Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում վերջին երկու օրերի ընթացքում նկատելիորեն աճել են հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը:
ԼՂՀ պաշտպանության բանակի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ միայն սեպտեմբերի 18-ին եւ 19-ին ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից հայկական դիրքերի ուղղությամբ արձակել են շուրջ 450 կրակոց` հրադադարի պահպանման ռեժիմը խախտելով ավելի քան 100 անգամ: Հատկանշական է, որ ադրբեջանական կողմի ձեռնարկած նախահարձակ գործողությունների այսօրինակ ակտիվությունը հատկապես աննախադեպ բնույթ է ստանում ԼՂՀ-ում կամ ՀՀ-ում անցկացվող տոնական օրերի նախաշեմին, ինչն ըստ մեզ, նպատակ է հետապնդում որեւէ կերպ ազդել կազմակերպվող միջոցառումների ընթացքի եւ, իհարկե, հայ հասարակության տրամադրության վրա:
Հասկանալով հակառակորդի մտադրությունը, ՊԲ հրամանատարությունը վստահեցնում է, որ ղարաբաղյան ուժերը ոչ միայն ի վիճակի են ճնշելու թշնամու ագրեսիվ գործողությունները, այլեւ ծայրահեղ անհրաժեշտության դեպքում նրան հասցնել արժանի հակահարված:




























