Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին եւ կարևորել երկու հարևան պետությունների ջերմ, բարեկամական հարաբերությունները, ինչպես նաև իրավունքի գերակայության ու դատաիրավական համագործակցության ոլորտում արդյունավետ փոխգործակցության ակտիվացումը։

ՍԴ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Բարձր դատարանի նախագահը նշել է, որ 2021 թվականին հյուրընկալելով վրացի գործընկերոջը՝ երկուստեք վերահաստատվել է երկկողմանի օրակարգի բոլոր հարցերով բարձր մակարդակի շփումները շարունակելու և համատեղ տարածաշրջանային ծրագրերի իրականացման հնարավորությունները դիտարկելու պատրաստակամությունը։

Դեսպան Շարվաշիձեն շնորհակալություն է հայտնել հանդիպման հնարավորության համար և նշել է, որ հայ-վրացական դարավոր բարեկամությունը պարարտ հող է ստեղծում նաև երկու երկրների սահմանադրական դատարանների միջև իրավական կապերի հետագա ամրապնդման ու խորացման համար: