Երեւանում ընթացող զորահանդեսին մասնակցում են նաեւ ԼՂՀ պաշտպանության բանակի ստորաբաժանումները:
Երեւանի Հանրապետության հրապարակով անցել են «Տիգրան Մեծ» շքանշանակիր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի խիզախ մարտիկները` բանակի շտաբի պետ, «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանի ասպետ, գեներալ-մայոր Լեւոն Մնացականյանի գլխավորությամբ:
Հանրապետության հրապարակով անցել են զինված ուժերի առաջին բանակային կորպուսի ստորաբաժանումները` Մարտական ծառայության մեդալի ասպետ, գնդապետ Տիգրան Փարվանյանի գլխավորությամբ, երկրորդ բանակային կորպուսի մարտիկները` Արիության մեդալի ասպետ գնդապետ Հովիկ Օհանյանի հրամանատարությամբ, երրորդ բանակային կորպուսի ստորաբաժանումները` գնդապետ Արթուր Գրիգորյանի գլխավորությամբ:
Երեւանում ընթացող զորահանդեսին մասնակցել են նաեւ Ռուսաստանի Դաշնության 102-րդ ռազմակայանի զինվորները` գնդապետ Դմիտրի Սորոկինի գլխավորությամբ:
Հայաստանի զինված ուժերի չորրորդ բանակային կորպուսի ստորաբաժանումները գլխավորել է կորպուսի հրամանատար, Մարտական ծառայության մեդալի ասպետ գեներալ-մայոր Պողոս Պողոսյանը:
«Մարտական Խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի ասպետ, գեներալ-մայոր Կամո Քոչունցի հրամանատարությամբ հրապարակ են մտել զինված ուժերի հինգերորդ բանակային կորպուսի մարտիկները: Այս կորպուսի կազմում է փառապանծ 89-րդ Թամանյան դիվիզիայի անվան հատուկ գունդը: Հատուկ գնդի հիման վրա ստեղծվել են սահմանամերձ շրջանների գրեթե բոլոր զորամասերը:
Գնդապետ Վահրամ Գրիգորյանի հրամանատարությամբ հրապարակով անցել են «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանակիր առանձին հատուկ նշանակության բրիգադի զինվորները:




























