Վրաստանի կառավարող «Վրացական երազանք – Դեմոկրատական Վրաստան» կուսակցության որոշումն օտարերկրյա գործակալների մասին օրինագծի հետկանչի մասին վերաբերում է փաստաթղթի ինչպես վրացական, այնպես էլ ամերիկյան վարկածին։ Այս մասին հինգշաբթի ճեպազրույցում տեղեկացրել է կուսակցության գործադիր քարտուղար, «Վրացական երազանք» խմբակցության ղեկավար Մամուկա Մդինարաձեն։
«Մենք որոշում ենք կայացրել երկու օրինագծերի մասին՝ հրաժարվելու դրանց ընդունումից եւ հետ կանչելու դրանք։ Թե ինչպես է դա տեղի ունենալու՝ կտեղեկացնենք ավելի ուշ»,- ասել է Մդինարաձեն։ Նրա խոսքով՝ այս որոշման գլխավոր պատճառը ցույցերին մասնակցած «անգամ մեկ մարդու առողջությունն ու կյանքը չվտանգելն էր»։
Մդինարաձեն նաեւ տեղեկացրել է, որ խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին արդեն Վենետիկի հանձնաժողով է ուղարկել նամակ օրինագծերը հետ կանչելու մասին։ «Այսպիսով, մենք այլեւս չենք խնդրում Վենետիկի հանձնաժողովին դիտարկել այդ օրինագծերը եւ եզրակացություն տալ դրանց վերաբերյալ»,- ընդգծել է նա։





























