Դերասան Սերգեյ Դանիելյանը (Յոժ) անկախության 20 տարիների ամենամեծ ձեռքբերում համարում է ղարաբաղյան պատերազմում հայ ժողովրդի տարած հաղթանակը, միաժամանակ գտնում է, որ «զիզի-բիզի» բաներին պետք է վերջ տալ, Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը պետք է միանան եւ ամեն ինչ դրանով ավարտվի։ Այս մասին նա ասաց NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում։

Արտիստը չցանկացավ «տոն օրով», իր խոսքով, «թարախ բաներ ասել», սակայն Հայաստանի անկախության կորուստների շարքում, այնուամենայնիվ, առանձնացրեց արտագաղթը։

Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանն էլ ասաց, որ անկախության տոնը համարում է հայ ազգի ամենամեծ ձեռքբերումը։ «Անկախ պետությունն ու ազատությունը մի ժամանակ մեզ համար երազանք էին։ Կցանկանայի, որ բոլորը գիտակցեին անկախության արժեքը, հպարտանային դրանով ու զորացնեին մեր հայրենիքը»,- նկատեց նա։ Նա նաեւ հատկանշական համարեց, որ Հայաստանի շախմատի ազգային հավաքականը թիմային մրցաշարերում իր հիմնական հաղթանակները տարել է հենց 1991-1992 թվականններից հետո:

«Արարատ 73»-ի հանրահռչակ ֆուտբոլիստ, «Արարատի» գլխավոր մարզիչ Արկադի Անդրեսյանը նշեց, որ վերջին 20 տարիներին շատ-շատ են եղել հատկապես սպորտային ձեռքբերումները. «Կորուստներ, կարելի է ասել, այս 20 տարիներին չենք ունեցել։ Ֆուտբոլը գնալով զարգանում է, մարզադաշտ, մի քանի մարզադպրոցներ են կառուցվել եւ այլն։ Իսկ ավելի գլոբալ, կյանքը գնալով լավանում է, զարգացմանը խոչընդոտող ինչ-ինչ փակուղիներ կան, սակայն ամեն ինչ գնալով լավանում է»,- նկատեց նա։

Աշխարհահռչակ դուդուկահար, Հայաստանի ժողովրդական արտիստ Ջիվան Գասպարյանն իր հերթին ասաց. «Դե իհարկե, համարում եմ, որ անկախությունը շատ լավ բան է, ժողովուրդն անկախ է, դրանից լավ բան է՞լ ինչ պիտի լիներ, նորմալ բան է»։

Հարցին՝ իրեն ավելի հպարտ զգացել է որպես Խորհրդայի՞ն, թե այնուամենայնիվ անկախ Հայաստանի քաղաքացի, Ջիվան Գասպարյանը պատասխանեց. «Ես  բոլոր ժամանակներում էլ հպարտ եմ եղել։ Անկախությունն ամենապայծառ բանն է, պետություն ունենք, դրանից լավ բան ի՞նչ կարող է լինել»։

Վարպետը չցանկացավ խոսել 20-ամյա անկախության բացթողումների թեմայով. «Ես չեմ ուզում խառնվել քաղաքականության մեջ, ես քաղաքականություն չեմ սիրում»,- ասաց նա։

Նշենք, որ Հայաստանն այսօր նշում է իր անկախության 20-ամյակը։

Հայաստանի Անկախության հռչակագիրն ընդունվել է 1990թ. օգոստոսի 23-ին Հայաստանի Գերագույն Խորհրդի առաջին նստաշրջանում: Այդ փաստաթղթով վերացվեց Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը եւ հռչակվեց անկախ Հայաստանի Հանրապետություն: Հայաստանի Գերագույն Խորհրդի որոշմամբ, 1991թ. սեպտեմբերի 21-ին անցկացվեց ԽՍՀՄ կազմից դուրս գալու եւ անկախ պետականության մասին հանրաքվե: Հանրապետության քաղաքացիների 94,99 տոկոսը «այո» ասաց Անկախությանը: Երկու օր անց Գերագույն Խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ, ինքնիշխան պետություն: