Թերթը գրում է, որ Եղեգնաձորի ծննդատանը կրկին նորածին է մահացել: Երկրորդ երեխայի մահվան դեպքը ուշագրավ է նրանով, որ կոնսուլտացիոն բժշկուհին եղել է նույն Մետաքսյա Հովհաննիսյանը: Վայքեցի ծննդկանը վերջին շրջանում բողոքներ է ունեցել, ասել է, որ ցավեր ունի, սակայն բժշկուհին հանգստացրել է՝ ասելով որ ոչ մի պրոբլեմ չկա։ Սակայն, երբ ծննդաբերելու ժամանակ ծննդկանին տեղափոխել են հիվանդանոց, բժշկուհին ասել է, որ ինքը գլուխ չի հանում, պետք է տեղափոխել Եղեգնաձոր՝ կեսարյան հատում անելու համար։ «Մետաքսյան ասաց՝ այստեղ հնարավորություն չկա, ու պետք է կեսարյան հատում արվի։ Ասաց, որ պետք է տեղափոխենք Եղեգնաձոր»,- պատմեց երեխայի մոր հարազատներից մեկը՝ Վարդան Հակոբյանը։ Եղեգնաձորում վիրահատությունից 6 ժամ անց երեխան մահացել է։

Այս պահին դեռ պարզ չէ, թե որն է երեխայի մահվան իրական պատճառը։ Դիակն ուղարկվել է Երեւան՝ դիահերձելու եւ մահվան պատճառը պարզելու համար։ Ծնողներին ասել են, որ պատասխանը պարզ կլինի մոտ մեկ ամսից։ Փաստի առթիվ քրեական գործ չի հարուցվել, երեխայի ծնողները չեն բողոքել, քանի որ դեռ չգիտեն իրականում ինչ է եղել։ «Մինչեւ պատասխանները չստանանք, ոչ մի հստակ բան չենք կարող ասել։ Գուցե բժշկի մեղքով է եղել, գուցե հղիության ընթացքում են բարդություններ եղել... չեմ կարող ասել»,- ասաց սկեսրայրը՝ Վարդան Հակոբյանը։ Առողջապահության նախարարության մոր եւ մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանն էլ ասաց. «Եթե նույնիսկ բողոք էլ չլիներ, դեպքի մասնագիտական վերլուծություն կանենք, եւ մահվան իրական պատճառները պարզ կլինեն»