Ղազախստանում կրկին առաջարկել են երկիրը վերանվանել Ղազախական Հանրապետություն։ Նման առաջարկով է հանդես եկել Ղազախստանի «Ակ Ժոլ» դեմոկրատական կուսակցության առաջնորդ Ազատ Պերուաշեւը։
Կուսակցությունում վստահ են, որ պետք է Հանրապետությունն անվանել «այն ստեղծած ժողովրդի անունով»։ «Վաղ թե ուշ մենք դրան կհասնենք։ Մենք կարծում ենք, որ դա պատմական արդարություն է»,-ասել է Պերուաշեւը։
Անվանափոխության առաջարկը ներառված է կուսակցության քաղաքական ծրագրում։ 2019 թվականին կուսակցության անդամներն արդեն հանդես են եկել երկիրը վերանվանելու առաջարկով, սակայն կառավարությունը չի աջակցել նրանց նախաձեռնությանը։ Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաեւը 2019 թվականին հայտարարել է, որ երկիրը վերանվանելու հիմքեր չկան։ 2014-ում Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը առաջարկել է փոխել երկրի անվանումը՝ դարձնելով Казак Елi (Ղազախական երկիր)։




























