Լեհաստանի փոխվարչապետ եւ ազգային պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը հաստատել է, որ երկրում ոչնչացրել են լրտեսական ցանց, որը գործել է Ռուսաստանի օգտին, եւ «սպառնալիքն իրական է եղել»։ Այս մասին նա ասել է Լեհական ռադիոյի եթերում։

Լեհաստանի փոխվարչապետ եւ պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը հաստատել է, որ Ներքին անվտանգության գործակալության սպաները երկրում ոչնչացրել են Ռուսաստանի օգտին գործող լրտեսական ցանցը։

Հարցին, թե չկա արդյոք ոչնչացված լրտեսական ցանցից կրիտիկական ենթակառուցվածքների համար վտանգ, նախարարը դրական պատասխան է տվել։

«Իհարկե, դա եղել է լրտեսական խումբ, տեղեկություններ են հավաքել հօգուտ նրանց, ովքեր հարձակվել են Ուկրաինայի վրա, ռազմական հանցագործություններ են կատարել, սպառնալիքն իրական է եղել»,- ասել է փոխվարչապետը։

Մարիուշ Բլաշչակը նշել է, որ «եթե մենք գործ ունենք լրտեսական ցանցի հետ, ապա, իհարկե, այդ մարդիկ տեղեկատվություն են հավաքում կոնկրետ նպատակով»։ Նա ընդգծել է, որ քանի որ Ուկրաինայի վրա հարձակվել է Ռուսաստանը, իսկ Լեհաստանի վրա Բելառուսի տարածքից հիբրիդային հարձակում է եղել, «մենք գործ ունենք այնպիսի իրավիճակի հետ, որ այդ մարդիկ գործում են ի վնաս մեր երկրի»։