Վրաստանի ԱԳՆ-ում սեպտեմբերի 22-ին սկսվել է Վրաստանի եւ ԵՄ-ի համագործակցության հանձնաժողովի 11-րդ նիստը։

Եվրամիության պատվիրակությունը գլխավորում է Արեւելյան գործընկերության, Ռուսաստանի, Կենտրոնական Ասիայի, տարածքային համագործակցության եւ ԵԱՀԿ-ի գծով ԵՄ արտաքին ծառայության դեպարտամենտի տնօրեն Գուննար Վիգանդը։

Կողմերը կքննարկեն Հարաեւանության եվրոպական քաղաքականության գործողությունների պլանը, «Արեւելյան գործընկերություն» նախաձեռնությունը, Վրաստանի եւ ԵՄ-ի միջեւ խորացված ազատ առեւտրի մասին համաձայնագիրը։

Քաղաքական երկխոսության շրջանակներում Վրաստանի եւ ԵՄ-ի միջեւ հանդիպումներն անցկացվում են տարեկան երկու անգամ։ Այս հանդիպման արդյունքները կարտացոլվեն ԵՄ-ի ամփոփիչ փաստաթղթում, հաղորդում է «Գրուզիա online»,-ը։

Հիշեցնենք, որ «Արեւելյան գործընկերություն» ծրագիրը լեհաշվեդական նախաձեռնություն է։ Դրա հիմնական նպատակը ԵՄ ժողովրդավար եւ կայուն շրջապատի ձեւավորումն է, ԵՄ-ի արեւելյան հարեւանների հետ սերտ համագործակցության զարգացումը, բայց ոչ ԵՄ անդամակցությունը։