Պետք չէ ԵԽԽՎ-ի մարտի 1-ի մասին հայտարարություններում միայն բացասական տարրեր առանձնացնել: Սեպտեմբերի 22-ին կայացած ասուլիսում նման կարծիք է հայտնել ազգային ժողովի պատգամավոր Հակոբ Հակոբյանը` մեկնաբանելով ԵԽԽՎ-ի բանաձեւի նախագիծը, որտեղ մարտի 1-ի էջը «համարում են փակված»:
«Երբ ԵԽԽՎ-ն ինչ-որ դրական բան է ասում Հայաստանի մասին, ինչո՞ւ դուք դրա վրա ուշադրություն չեք դարձնում: Եթե ընդունում եք ԵԽԽՎ-ի կարծիքը, ապա ամբողջությամբ ընդունեք»,-կարծում է Հակոբյանը: Նրա կարծիքով, քաղաքական երկխոսությունը կարող է հնարավորություն ընձեռել հաղթահարել հասարակության մեջ ստեղծված փոխադարձ անվստահության մակարդակը. «Դա հնարավորություն է ամեն ինչ նոր էջից սկսել: Մոռանալ այն մասին, որ քո առաջ թշնամի է նստած: Հնարավոր չէ միշտ թշնամանք զգալ, մի օր դա պետք է հաղթահարել»,-կարծում է Հակոբյանը:
Կենտրոնական բանկի նախկին ղեկավար Բագրատ Ասատրյանի կարծիքով, իշխանությունների սխալն այն է, որ մահացածների համար ներողություն չեն խնդրել: «Այդ գաղափարը ավելորդ բան է համարվել, եթե իշխանությունների մտադրությունը սահմանափակվում է ինքնավերարտադրությամբ», հավելել է ՀԱԿ-ի ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ 2008 թվի մարտի 1-ին Երեւանի կենտրնում ընդդիմության հանրահավաքները ցրելու նպատակով իշխանությունը ուժ է կիրառել, որի հետեւանքով զոհվել է 10 մարդ:




























