2011 թվականին Սեւանա լճում նվազագույն թվով մարդիկ են խեղդվել։ Սեպտեմբերի 22-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Հայաստանի ԱԻՆ հատուկ փրկարարական ջոկատի հրամանատար Սամվել Մկրտչյանը։
Անցնող սեզոնի ընթացքում Սեւանա լճում 3 մարդ է խեղդվել։ Խեղդվողներից մեկը լողանալ չի իմացել, մյուս երկուսն ալկոհոլի ազդեցության տակ են եղել։ Բացի այդ, ջրում սրտի նոպայի երկու դեպք է գրանցվել։ Փրկվել է 27 մարդ։
Մկրտչյանը գոհունակությամբ նկատեց, որ Վարդավառի տոնին, նախորդ տարիների համեմատ, այս տարի Սեւանում մարդիկ չեն խեղդվել։ Ողբերգական դեպքերի թվի կրճատումը նա կապում է ինչպես քաղաքացիների գիտակցական մակարդակի բարձրացման, այնպես էլ փրկարարների աշխատանքի հետ։
Այս տարի Սեւանում գործել է հանրային երկու լողափ։ «Սեզոնի ավարտից` հոկտեմբերի 1-ից հետո, փրկարարների հերթապահությունը չի դադարեցվի, պարզապես նրանք ավելի շատ ազատ ժամանակ կունենան»,- նկատեց Մկրտչյանը։ Նրա խոսքով, Սեւանում այժմ աշխատում է 31 փրկարար։
Ամփոփելով՝ ԱԻՆ հատուկ փրկարարական ջոկատի հրամանատարը տեղեկացրեց, որ 2010 թվականին Սեւանում խեղդվել է 9 մարդ, 28-ը փրկվել են։



























