«Անվտանգ քաղաք» հայեցակարգի  հետ կապված հարցեր են քննարկվել Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի եւ չինական «Հուավեյ տեխնոլոջիս» ընկերության պատվիրակության հետ հանդիպման ժամանակ:

Հանդիպմանը մասնակցել է նաեւ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը:

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հայեցակարգը Երեւանում ներդնելու մասին համաձայնագիր ստորագրվել էր  դեռեւս հուլիսին Պեկինում կայացած հանդիպման ժամանակ: «Հուավեյ տեխնոլոջիս»-ը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում մասնագիտացած  ծառայություներ մատուցող աշխարհի խոշորագույն ընկերություններից  է, որի գործունեության ուղղություներից մեկն էլ տեսահսկման եւ անվտանգության այլ համակարգերի կիրառումն է համայնքային կառավարման ոլորտում:

Երեւանի քաղաքապետը կարեւորելով «Անվտանգ քաղաք» համակարգի ներդրումը, նշել է, որ ժամանակակից ինովացիաների պայմաններում, այն ուղղակի անհրաժեշտություն է եւ հնարավորություն է ստեղծում մի շարք ոլորտներում կառավարումն ավելի  արդյունավետ ու վերահսկելի դարձնելու համար:

Քաղաքապետը նաեւ հավելել է, որ ծրագրի հետ կապված հետաքրքրություն են ցուցաբերել նաեւ շահագրգիռ գերատեսչությունները:

Չինական կողմը ներկայացնելով «Հուավեյ տեխնոլոջիս» ընկերության գործունեության հիմնական ուղղությունները եւ աշխատանքային փորձը տարբեր երկրներում, ընդգծել  է, որ ընկերությունը  առաջատար դիրքեր ունի ծառայությունների մատուցման ոլորտում եւ մի շարք հաջողված ծրագրեր է իրականացրել այդ ուղղությամբ:

Հանդիպման ժամանակ ներկայացվել են «Անվտանգ քաղաք» հայեցակարգի կառուցվածքը, ժամանակակից կապի միջոցների , ինտեգրացված տեղեկատվական համակարգերի,ինչպես նաեւ տեսահսկման եւ տեսանյութերի վերլուծության կենտրոնների ներդրման բաղկացուցիչները: «Հուավեյ տեխնոլոջիս» ընկերության ԱՊՀ տարածաշրջանային նախագահ Վան-Քսյանն էլ նշելով, որ  ոլորտի հայաստանյան ընկերությունների հետ համագործակցության փորձն արդեն առկա է, ողջունել է քաղաքապետարանի նախաձեռնությունը եւ նշել, որ  պատրաստ են քննարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ծրագիր: Կողմերի միջեւ ձեռք է բերվել հայեցակարգի մշակման եւ համակարգի ներդրման աշխատանքային խմբեր ձեւավորելու   պայմանավորվածություն: