Հայաստանի ԱԳՆ-ում, այսօր` սեպտեմբերի 22-ին, տեղի է ունեցել Քիմիական զենքի կոնվենցիայի իրագործմանը նվիրված աշխատաժողովի նիստը:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ աշխատաժողովը կազմակերպվել էր Քիմիական զենքի արգելման կազմակերպության գործադիր քարտուղարության հետ համատեղ: Նիստին զեկույցներով հանդես են եկել Հաագայից ժամանած երեք պաշտոնատարները:

Աշխատաժողովի բացման իր խոսքում ԱԳՆ Սպառազինությունների վերահսկման եւ միջազգային անվտանգության վարչության պետ Սամվել Մկրտչյանն ընդգծել է Կոնվենցիայի անվերապահ իրականացման կարեւորությունը` իսպառ վերացնելու զանգվածային ոչնչացման զենքի տեսակներից մեկը:

Քիմիական զենքի արգելման կազմակերպության ներկայացուցիչները ներկայացրել են զեկույցներ` նվիրված ՔԶԿ պատմությանը, Կոնվենցիայի իրականացման կարգավիճակին, նրա հիմնադրույթներին եւ նպատակներին:

Աշխատանքները կշարունակվեն նաեւ սեպտեմբերի 23-ին, որի ընթացքում անդրադարձ կլինի հավաստագրման, միջազգային համագործակցության եւ աջակցության ծրագրերի խնդիրներին: