Հայ հասարակությունը դեպի լավն է փոխվել։ Սեպտեմբերի 23-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց Հայաստանում Ռումինիայի դեսպան Կրինա Ռոդիկա Պրունարիուն։
«Ես այստեղ եկել եմ 4 տարի առաջ, եւ տարբերությունը լավ եմ տեսնում»,- նկատեց դեսպանը՝ ավելացնելով, որ ձեռք բերվածը կատարելագործելու եւ զարգացնելու առումով անելիքներ դեռեւս շատ կան։ Զուգահեռներ տանելով Ռումինիայի հետ՝ դեսպանը նկատեց, որ իր երկիրը եւս հեղափոխությունից 20 տարի անց ժողովրդավարության օրինակ չի եղել, թեեւ առաջընթացը արագ է եղել։ «Սակայն ժողովրդավարությունը չի գործում այնպես, ինչպես ցանկալի կլիներ։ Գաղափարները մի բան են, փաստերը՝ ուրիշ բան»,- նկատեց դեսպանը։
Դիվանագետը նաեւ հայ ժողովրդին շնորհավորեց անկախության 20-ամյակի կապակցությամբ։ «Շնորհավորում եմ մեծ տոնի առթիվ։ Հայ ժողովրդին ցանկանում եմ շարունակել անկախության ճանապարհը, որպեսզի հայ ժողովուրդը բարեհաջող կերպով անցնի բոլոր փորձությունների միջով, որոնք եղել են եւ կլինեն։ Հաջողություն եւ բարեկեցություն եմ մաղթում»,- ամփոփեց Կրինա Ռոդիկա Պրունարիուն։



























