Ռուսաստանի շինարարական ոլորտում զգալի թիվ են կազմում սեզոնային միգրանտները Հայաստանից: Այդ ոլորտի ակտիվությունը նաեւ Ռուսաստանից Հայաստան կատարվող դրամական փոխանցումների գնահատման ցուցիչ է: 2010 թվականին այդ փոխանցումները հավասար էին Հայաստանի ՀՆԱ-ի 10 տոկոսին: Սակայն համաշխարհային ճգնաժամից հետո շինարարությունը Ռուսաստանում դարձավ ռիսկային եւ ցածր լիկվիդայնությամբ բիզնես: Ռուսաստանյան նավթային ընկերությունների ներդրումային առաջնահերթությունները փոխվել են: Այդ մասին NEWS.am-ի հետ հարցազրույցում պատմեց «IRN.RU անշարժ գույքի շուկայի ինդիկատոր» վերլուծական կենտրոնի ղեկավար Օլեգ Ռեպչենկոն:
«Նախաճգնաժամային տարիներին նավթի գնի աճն ու անշարժ գույքի ինդուստրիայի ակտիվության միջեւ կապ գոյություն ուներ, այժմ արդեն ուղղակի կապ չկա: Նավթի գինը հասել է նախաճգնաժամային մակարդակի` միջինը 100 դոլար, բայց շինարարության ծավալների եւ անշարժ գույքի գների վրա դա չի անդրադարձել: Տարեսկզբից անշարժ գույքի գինը բարձրացել է 10 տոկոսով, ինչը չի համապատասխանում նավթի գնի աճին: Բանկերն ու խոշոր նավթային ընկերությունները վախենում են շինարարական հատվածի ցածր լիկվիդայնությունից: Նախագծերը պահանջում են մի քանի տարվա ներդրում, արագ դուրս գալ այդ նախագծերից հնարավոր չէ: Բացի այդ, բանկերն արդեն զգալի ակտիվներ են ստացել անշարժ գույքի ոլորտում` որպես նախաճգնաժամային վարկերի ապահովում: Բանկերն այժմ ավելի շատ ներդրում են կատարում արտադրությունում, իսկ նավթային ընկերությունները հիմնականում ներդրում են կատարում ֆոնդային շուկաներում»,- նշեց Ռեպչենկոն:
Նա հայտնեց նաեւ, որ Ռուսաստանի հիպոտեկային շուկայի զարգացմանը չի նպաստում բնակչության հիմնական մասի ցածր վճարունակությունը, իսկ նավթի գնի աճից մեծանում է էլիտար բնակտարածքների պոտենցիալ գնորդների կարողությունը, դրա արդյունքում գների լուրջ աճ կա էլիտար անշարժ գույքի հատվածում:




























