Լեռնային Ղարաբաղում տեղական ընտրությունների վերաբերյալ Վրաստանի ԱԳՆ հայտարարության կապակցությամբ, ՀՀ-ում Վրաստանի դեսպան Թենգիզ Շարմանիշվիլին այսօր հրավիրվել է Արտաքին գործերի նախարարություն:

Այդ մասին NEWS.am-ին հայտնեց ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել է, որ Վրաստանը չի ճանաչել Լեռնային Ղարաբաղում տեղական ընտրությունները: Վրաստանի ԱԳՆ հայտարարության մեջ նշվել է.

«Վրաստանի ԱԳՆ-ն միանշանակ հաստատում է իր հավատարմությունը Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը` միջազգայնորեն ճանաչված սահմաններում, նրա ինքնիշխանությանը եւ չի ճանաչում ԼՂ-ում տեղական ինքնակառավարման ընտրությունները: Վրաստանի ԱԳՆ-ն ողջունում է միջազգային հանրության ջանքերը` ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման հարցում եւ կարծում , որ «խաղաղ բանակցություններին այլընտրանք չկա»:

Նշենք,  որ սեպտեմբերի 18-ին, ԼՂՀ-ում, 209 համայնքներում, այդ թվում Ստեփանակերտում, ՏԻՄ ընտրություններ են կայացել: Ընտրություններին հետեւել է Հայաստանի ազգային ժողովի պատվիրակությունը։ Պատվիրակները նշել են, որ ընտրություններն անցել են առանց էական խախտումների։ 9581 ձայնով Ստեփանակերտի քաղաքապետ էր ընտրվել Սուրեն Գրիգորյանը։