«Հարավային հոսք» գազատարի նախագծի իրականացման նպատակով Սեւ ծովի Թուրքիայի տնտեսական գոտում երկրաբանա-հետախուզական աշխատանքների անցկացման իր թույլտվությանն ի պատասխան Անկարան քաղաքական ու տնտեսական ոչ մի դիվիդենդ չի ակնկալում Ռուսաստանից։ Այս մասին հոկտեմբերի 29-ին «Նեզավիսիմայա գազետա»-ին տված հարցազրույցում հայտարարել է Մոսկվայում Թուրքիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Հալիլ Աքընջին։
«Եվ այնուամենայնիվ հուլիսի սկզբին, երբ Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը Մոսկվայում հանդիպում էր ռուս-թուրքական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, փոխվարչապետ Իգոր Սեչինի հետ, հայտարարվել էր, որ երկու երկրների միջեւ հարաբերությունները պետք է ավելի հավասարակշռված լինեն։ Հատկապես դա վերաբերում է էներգետիկայի ոլորտում փոխգործակցությանը»,- հայտարարել է դեսպանը՝ պարզաբանելով ընդ որում, որ հավասարակշռվածությունն, ըստ իրեն, նշանակում է համագործակցություն ոչ միայն գազի, այլեւ նավթի ոլորտում։
Ըստ Աքընջիի, Ռուսաստան ու Թուրքիան այնպիսի գործընկերներ են, որոնք վստահում են միմյանց. «Մենք չունենք „դու՝ ինձ, ես՝ քեզ“ առեւտրային պրիմիտիվ մոտեցում։ Մենք համաձայնել ենք, որպեսզի մեր հարաբերությունները լինեն շարունակական ու կայուն, նրանք պետք է հենվեն ամուր հենքի վրա»։ Այդ կապակցությամբ դիվանագետը հիշեցրել է անցած շաբաթ Իտալիայում ստորագրված այն փաստաթղթերի մասին, որոնք նախատեսում են Ռուսաստանի մասնակցությունը Թուրքիայի տարածքում Սամսուն-Ջեյհան նավթամուղի շինարարությանը։
Միաժամանակ, այն հարցին, թե հարկավոր է սպասել արդյո՞ք Թուրքիայի կողմից Աբխազիայի ու Հարավային Օսիայի անկախության ճանաչման, դեսպանը պատասխանել է. «Չեմ կարծում, որ դա տեղի ունենա»։ Ըստ Աքընջիի, Թուրքիան առեւտրային հարաբերություններ է պահպանում Աբխազիայի հետ, եւ դրանք չեն կրում քաղաքական բնույթ։ «Մեր կառավարության դիրքորոշումը Վրաստանի տարածքային ամբողջականության հարգումն է։ Դա վերաբերում է տարածաշրջանի բոլոր երկրներին, այդ թվում եւ Ադրբեջանին»,- հավելել է թուրք դիվանագետը։




























