Երեւանում, սեպտեմբերի 29-ին նախատեսված «Բոկոտն թագուհի» մականունով հայտնի Կանաչ Հրվանդան կղզիների հանրահայտ երգչուհի Սեզարիա Էվորայի համերգը, հնարավոր է, չկայանա: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Երեւանյան հեռանկարներ» փառատոնի մենեջեր Սոնա Հովհաննիսյանը: Նա նշեց, որ այժմ նրանք երգչուհու մենեջերից սպասում են մամուլի հաղորդագրության, որտեղ հստակ նշվի նրա առողջական վիճակի եւ համերգների մասին. «Նրա առողջական վիճակը հույսեր չի տալիս, խոսքը ոչ թե Երեւանի կամ այլ տեղի համերգի, այլ երգել-չերգելու մասին է: Ինքն, ըստ երեւույթին, էլ չի կարողանա երգել»,- ասաց Սոնա Հովհաննիսյանը:
Նշենք, որ Grammy մրցանակ դափնեկիր, երկու անգամ Victoire de la Musique երաժշտական մրցանակին արժանացած Սեզարիա Էվորան հետաձգել է բոլոր առաջիկա համերգները վատ ինքնազգացողության պատճառով եւ որոշել է չշարունակել իր էստրադային գործունեությունը, հաղորդել է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով «Ֆրանս Պրեսս» գործակալությունը: Բժիշկները նրան խորհուրդ են տվել հետաձգել առաջիկա համերգները: Իր մենեջերի եւ պրոդյուսերի հետ խորհրդակցելուց հետո Սեզարիան որոշել է դադարեցնել իր կարիերան` հրաժարվելով կյանքի քոչվորական ձեւից, որը նա վարում է 1991 թվից, ասված է Lusafrica-ի հաղորդագրության մեջ: «Առողջական նոր խնդիրները վիրաբուժական միջամտության հետեւանք են, մասնավորապես սրտի վիրահատությունը, որին ենթարկվել է Էվորան»,-ասված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ երգչուհին մտադիր էր սեպտեմբերի 29-ին համերգով հանդես գալ Հայաստանում: Սեզարիա Էվորան ծնվել է 1941 թ. օգոստոսի 27-ին Կաբո-Վերդեի Մինդելոում: Նա երգում է 17 տարեկանից, սակայն առաջին սոլո-ալբոմը երգչուհին ձայնագրել է Լիսաբոնում երեք տարի անց: Ուշագրավ է, որ «Բոկոտն թագուհի» մականունը 70-ամյա երգչուհին ստացել է բոկոտն բեմ դուրս գալու իր սովորության համար:




























