Հայաստանի նախագահի գլխավորած պատվիրակության կազմում Նյու-Յորքում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 23-ին շարունակել իր հանդիպումները:
Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախարար Նալբանդյանը հանդիպում է ունեցել Հարավային Կովկասում եւ Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորի հետ: Զրուցակիցներն անդրադարձել են սեպտեմբերի վերջին Վարշավայում կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքներին:
Տարածաշրջանային հակամարտությունների քննարկման ենթատեքստում Էդվարդ Նալբանդյանը ողջունել է ԵՄ պատրաստակամությունը առավել աջակցելու արցախյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերին:Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հաջորդ հանդիպումը Միացյալ Նահանգների փոխպետքարտուղար Ուիլյամ Բըրնսի հետ էր: Հանդիպմանը քննարկվել են հայ-ամերիկյան բարեկամական գործընկերության զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ:
Նախարար Նալբանդյանն ու փոխպետքարտուղար Բըրնսը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասի տարածաշրջանային խնդիրների շուրջ, անդրադարձել արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին: Այդ ենթատեքստում Էդվարդ Նալբանդյանը բարձր գնահատել ԱՄՆ դրական ներգրավվածությունը եւ գործունեությունը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ:




























