Արարատի մարզից սեպտեմբերի 23-ին ժամը 20.10-ին ահազանգ է ստացվել, որ Արտաշատ-Երեւան ավտոճանապարհի 18-րդ կմ-ի կամրջից մեքենա է գլորվել ձորը: 

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտակ հաշվարկ: Դեռեւս չպարզված հանգամանքներում Wolksvagen Golf մակնիշի 20 ԼՏ 626 համարանիշով ավտոմեքենան Արտաշատ-Երեւան ավտոճանապարհի կամրջից գլորվել է ներքեւ, ինչի հետեւանքով տեղի է ունեցել ավտոմեքենայի բռնկում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.23-ին, մարվել 20.27-ին:

Ավտոպատահարի հետեւանքով մահացել է 29-ամյա Արփինե Հախվերդյանը: Տարբեր մարմնական վնասվածքներով Արտաշատ քաղաքի հիվանդանոց են տեղափոխվել վարորդը` 50-ամյա Մանվել, 29-ամյա Գագիկը, 4-ամյա Գոհար Ավետիսյանները եւ 52-ամյա Նազիկ Մելքոնյանը, Մասիս քաղաքի հիվանդանոց` 4-ամյա Մանվել Ավետիսյանը: Ըստ բժիշկների` տուժածների առողջական վիճակը միջին ծանրության է: