Հայաստանում Վրաստանի դեսպանատունը Հայաստանի ԱԳՆ է փոխանցել Հայաստանի անկախության 20-ամյակի կապակցությամբ շնորհավորանքը։ NEWS.am-ի թղթակցին այս մասին ասացին Երեւանում Վրաստանի դեսպանատանը։ Ինչպես նշեցին դիվանագիտական ներկայացուցչությունում, շնորհավորանքը փոխանցվել է սեպտեմբերի 22-ին։

Նշենք, որ «Հայկական ժամանակն» իր այսօրվա համարում, վկայակոչելով վրացական կողմից շնորհավորանքի բացակայության փաստը, ենթադրել էր, որ հայ-վրացական հարաբերություններում սկանդալ է հասունանում։

«Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին Սերժ Սարգսյանին չէր շնորհավորել ՀՀ անկախության 20-ամյակի առիթով, այն պարագայում, երբ նման շնորհավորանքներով հանդես էր եկել նույնիսկ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը»,- գրել է թերթը։