Ցանկացած ագրեսիայի մաս են կազմում նաեւ տեղեկատվական պատերազմները եւ այդ պատերազմն էլ ունի իր թիրախը: Այս մասին այսօր՝ ապրիլի 12-ին, ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ադրբեջանական կողմից տարածվող լուրերին, թե հայկական կողմն օգտագործում է իրանական ԱԹՍ-ներ:
«Այդ տեղեկությունների նպատակը հետեւյալն է, որ Եվրամիություն, տեսեք, դուք Հայաստան դիտորդներ եք ուղարկել, իսկ Հայաստանը Ադրբեջանի դեմ օգտագործում է մի զինատեսակ, որի հետ կապված դուք ունեք պրոբլեմներ հայտնի տեղերում, հնչել են հայտարարություններ, կիրառվել են պատժամիջոցներ»,-ասաց նա:
Փաշինյանը հիշեցրեց, որ 2022-ի փետրվար-մարտին նույն աղբյուրները պնդում էին, որ Հայաստանի ՍՈՒ-25 ՍՄ ինքնաթիռները ուղարկվել են Ուկրաինայի դեմ օգտագործելու համար: «Դա նույնիսկ շատ հեղինակավոր լրատվամիջոցներ այդ ապատեղեկատվությունը տպեցին: Մենք պետք է տեղեկատվական հարձակումներին հակազդելու մեր ինստիտուցիոնալ գործիքակազմը ուժեղացնենք: Դա պետք է անենք առանց մեր ժողովրդավարությունը վնասելու: Այս հարցում ՊՆ-ն ունի իր պատկերացումները, որոնք սկզբունքորեն ընդունելի է»,-ընդգծեց վարչապետը:





























