Ամերիկյան հետախուզությունը կազմել է ուկրաինական հակամարտության զարգացման` անկանխատեսելի հետևանքներով չորս սցենար, դրանք ներառում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու մահը, ուկրաինական բանակի հարձակումը Կրեմլի վրա և Ռուսաստանի զինված ուժերի ղեկավարության փոփոխությունը։ Այս ֆայլերը պարունակվում են համացանց արտահոքս եղած՝ ԱՄՆ Պենտագոնի գաղտնի փաստաթղթերում, գրում է The New York Times-ը։

Հետախուզությունը, դիտարկելով Կրեմլի վրա ուկրաինական հարվածի սցենարը, կանխատեսում է հնարավոր հետեւանքների լայն շրջանակ։ Ռուսաստանը կարող է լայնածավալ ռազմական մոբիլիզացիա սկսել, մտածել մարտավարական միջուկային զենքի կիրառման մասին, կամ էլ՝ հասարակական տրամադրությունները կարող են համոզել Մոսկվային սկսել խաղաղ բանակցություններ:

Միևնույն ժամանակ, նկարագրված յուրաքանչյուր սցենար կարող է հանգեցնել և՛ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության սրմանը, և՛ բանակցությունների միջոցով դրա դադարեցմանը կամ ընդհանրապես էական ազդեցություն չունենալ ճգնաժամի զարգացման վրա։

Փաստաթուղթը կազմվել է հակամարտության սկսվելուց մեկ տարի անց՝ փետրվարի 24-ին, և նշված է որպես RELIDO, ինչը նշանակում է, որ դրա բովանդակության բացահայտման որոշումը մնում է բարձրաստիճան պաշտոնյաների վրա։

NYT-ը նշում է, որ նման սցենարների ցանկը տիպիկ հետախուզական փաստաթուղթ է, որը կոչված է օգնելու քաղաքական գործիչներին, կոնգրեսականներին և զինվորականներին որոշումներ կայացնելիս կշռադատել հավանական ռիսկերը: Միևնույն ժամանակ, հետախուզությունը երբեմն անվանում է ենթադրյալ իրադարձության ամենահավանական արդյունքը, սակայն այս փաստաթղթում գործակալությունը դա չի արել:

ԱՄՆ հետախուզությունը միայն նշել է, որ հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, կշարունակի ձգձգվել: