Ֆրանսիան արգելափակել է Եվրամիությունից (ԵՄ) 2 միլիարդ դոլարի միջոցների հատկացումը՝ Ուկրաինայի համար 1 միլիոն 155 մմ ռազմամթերք գնելու համար՝ երրորդ երկրներից դրանց գնման և հետագայում Կիև տեղափոխման մեխանիզմի հետ անհամաձայնության պատճառով։ Այս մասին հայտնում է լեհական մամուլի գործակալությունը՝ (Polska Agencja Prasowa, PAP) հղում անելով ԵՄ դիվանագիտական աղբյուրին։

«Այս իրավիճակում լուծումը կլիներ երրորդ երկրից զինամթերք գնելը, այնուհետև՝ դա փոխհատուցել անդամ երկրներից մեկի պաշարներից՝ այլ զենքեր փոխանցելով երրորդ երկիր։ Այս հարցի շուրջ բանակցությունները շարունակվում են»,- գործակալությանը հայտնել է աղբյուրը՝ մեկնաբանելով Ֆրանսիայի կողմից նման գաղափարի մերժումը։

Նրա խոսքով՝ Փարիզը հանդես է գալիս հարկադրանքի մեխանիզմի ստեղծման օգտին՝ «պատվիրելու կոնկրետ սարքավորումներ, որոնք իրականում կարող են անհրաժեշտ չլինել ուկրաինական կողմին», ինչպես նաև դեմ է միայն Կիևի խնդրանքով զինամթերքի արժեքի փոխհատուցման դրույթին։

Մարտի 20-ին ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտնեց, որ միության երկրները «պատմական որոշում» են կայացրել և պայմանավորվել են առաջիկա 12 ամիսների ընթացքում Ուկրաինային մատակարարել 1 միլիոն 155 մմ արկ։

ԵՄ-ն մտադիր է Խաղաղության եվրոպական հիմնադրամից ծրագրի իրականացման համար 2 մլրդ եվրո հատկացնել։ Այդ գումարի կեսը կօգտագործվի ԵՄ երկրների պաշարներից Կիև զինամթերք ուղարկելու համար, երկրորդը՝ անդամ երկրների կողմից արկերի համատեղ գնումներին՝ այդ պաշարները համալրելու նպատակով։ Պայմանագրերը կնքվելու են Եվրոպական պաշտպանության գործակալության (EDA) կողմից:

Politico-ն նախկինում գրել էր Ուկրաինա զինամթերքի մատակարարման ապահովման շուրջ ԵՄ-ում տարաձայնությունների մասին. երկրները չէին կարողանում որոշել, թե որ ընկերությունները պետք է իրավունք ստանան արտադրել պարկուճներ՝ այդ առաքումից հետո համալրելու եվրոպական պաշարները: Հրատարակության աղբյուրները հայտնել են, որ Ֆրանսիան պնդում է, որ անհրաժեշտ է սահմանափակել պաշտպանական ձեռնարկությունների շրջանակը միայն եվրոպականներով, նրան աջակցում են Հունաստանը և Կիպրոսը։ Վերջիններս մտավախություն ունեն, որ հակառակ դեպքում պայմանագրերը կարող են ստանալ թուրքական ընկերությունները, իսկ Աթենքն ու Նիկոսիան լարված հարաբերություններ ունեն Անկարայի հետ։